«ԽԵ» ՀԿ-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (2017 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ)

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եռամսյակային հաշվետվությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ (2017թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի հերթական հաշվետվությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ: «ԽԵ»-ն խաղաղության կառուցման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ուղղություններից է հենց զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելը և զինված ուժերում առկա հիմնախնդիրների շուրջ հանրային բանավեճի ծավալումը՝ դրանց լուծման առաջարկներ մշակելու, իշխանություններին ներկայացնելու եղանակներով զինված ուժերում առկա հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով:

Սույն հաշվետվությունը ներառում է կազմակերպության ուսումնասիրությունները, դատական գործերն ու դրանց ներկայիս կարգավիճակն՝ ըստ հետեւյալ թեմաների.

  1. ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների հիմնախնդիրները ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների ծրագրերում
  2. Մարդու իրավունքները ՊՆ կայազորային կարգապահական մեկուսարաններում
  3. 2017թ.-ի հունվար-մարտ ամիսներին հայկական բանակում  տեղի ունեցած մահվան դեպքերը
  4. Շարքային զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի նախաքննության  հետ կապված տեղեկություններ
  5. Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատաքննության հետ կապված տեղեկություններ
  6. Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատաքննության հետ կապված տեղեկություններ
  7. Կասեցումից հանվել է «ԽԵ»-ի հայցը պաշտպանության նախարարության դեմ

 

1. ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների հիմնախնդիրները ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների  ծրագրերում 

Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի հերթական հաշվետվության նախապատրաստումը համընկավ կուսակցությունների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին նախորդող քարոզարշավի անցկացման ժամանակահատվածի հետ։ Հաշվի առնելով փաստը, որ ընդհանուր առմամբ ընտրապայքարում ներգրավված բոլոր քաղաքական ուժերն այս կամ այն կերպ անդրադարձել են զինված ուժերի հիմնախնդիրներին, սույն զեկույցի շրջանակներում որոշեցինք անդրադառնալ նախընտրական ծրագրերում ՀՀ ԶՈւ-ում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված ծրագրային դրույթներին։

Քաղաքական ուժերից հինգը՝ «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը  եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), իրենց ծրագրերում անդրադարձել են պրոֆեսիոնալ բանակի աստիճանական անցման հետ կապված հարցերին։ Սակայն, եթե «Ազատ դեմոկրատներն» ու «Հայկական վերածնունդը» դիտարկում են պրոֆեսիոնալ բանակն իբրեւ այլընտրանք պարտադիր զինվորական ծառայությանը, ապա ՕՐՕ-ն եւ ՀՅԴ-ն գտնում են, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը։ «Ելք»-ը, միեւնույն ժամանակ, հայտարարում է, որ պայմանագրային զինծառայողներն իրականացնելու են առաջնագծում մարտական հերթապահություն, ինչը չի ենթադրում պարտադիր զինվորական ծառայության մոդելի վերացում։

«Ելք» կուսակցությունների դաշինքի ծրագրում շեշտը, զինված ուժերի հետ կապված, հիմնականում դրված է սոցիալական խնդիրների լուծման վրա: Ծրագրում ներառված են սպաների համար նախատեսված բնակարանաշինության, պարտադիր զինվորական ծառայության անցած զինծառայողների համար քաղաքացիական կրթության ապահովման, բանակում սննդի, հագուստի որակի բարելավման եւ զինծառայողների առողջական խնդիրների հետ կապված առաջարկություններ։ Զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման հիմնահարցերին այս կամ այն կերպ անդրադարձել են բոլոր քաղաքական ուժերը։

Ի տարբերություն մնացած բոլոր քաղաքական ուժերի՝ «Ազատ դեմոկրատները», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն անդարձել են զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությանը։ Այս համատեքստում ՕՐՕ-ն  կարեւորում  է բանակ-հասարակություն կապերի ամրապնդումը, «… քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների առջեւ բանակի դռների բաց լինելը»։

Կարգապահության բարձրացման եւ ոչ կանոնադրային հարաբերությունների վերացման անհրաժեշտության մասին են խոսել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ ՕՐՕ-ն։ Հարկ է նշել, որ «Ազատ դեմոկրատներն» առանձին դրույթով կարևորում են զինված ուժերում տեղի ունեցած հանցագործություների, այդ թվում՝ ոչ մարտական պայմաններում զինվորների և սպաների մահվան հանգամանքների բացահայտումը, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ տեղ գտած բացթողումների ու սխալների բազմակողմանի, համալիր և թափանցիկ հետաքննությունը։

«Ազատ դեմոկրատներն» առաջարկել են նաեւ վերանայել և առավելագույնս վերահսկելի դարձնել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացը՝ բացառելով յուրացումները, չարաշահումներն ու կոռուպցիոն գործարքները:

Զինված ուժերում կոռուպցիոն վտանգների վերացման մասին անդրադարձ կա ՀՀԿ ծրագրում. խոսելով անվտանգության մասին՝ կարևորվում է այդ համատեքստում մարդու կյանքի պաշտպանությունն ու երաշխավորումը, բայց բանակին վերաբերող բաժնում խոսք չկա կյանքի իրավունքի ու, առհասարակ, մարդու իրավունքների վիճակի բարելավման անհրաժեշտության մասին:

ՀՀԿ-ն, ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատները» եւ ՀԿԿ-ն կարեւորել են նաեւ սպառազինությունների ձեռքբերման եւ արտադրության, ինչպես նաեւ  նյութատեխնիկական բազայի նորացման հետ կապված խնդիրները։

Քաղաքական ուժերից երեքը՝ «Ազատ դեմոկրատները», ՀՀԿ-ն ու ՀԿԿ-ն անդրադարձել են այս կամ այն ռազմական ալյանսում Հայաստանի մասնակցության խնդիրներին։ «Ազատ դեմոկրատներն», ընդ որում, անհրաժեշտ են համարում «… վերանայել ՀԱՊԿ շրջանակներում ընդունված մի շարք բազմակողմ պայմանագրեր, որոնք վավերացվել են առանց Հայաստանի համար կենսական ու անվտանգության զգայուն խնդիրներով փոխադարձ շահերը բազմակողմանիորեն հարգելու ու վտանգները չեզոքացնելու մասին վավերապայմանների» (շարահյուսությունը՝ «Ազատ դեմոկրատների» ծրագրինն է)։ Այս քաղաքական ուժն առաջարկում է հայկական զինված ուժերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին՝ շեշտակի բարձրացնելով նրա կարողություններն ու մարտունակությունը, այդ թվում՝ միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցության ճանապարհով:

Միեւնույն ժամանակ, ՀԿԿ-ն առաջարկում է խորացնել Ռուսաստան հետ ռազմական գործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում, իսկ ՀՀԿ-ն ձգտում է, որպեսզի Հայաստանը հետևողականորեն իր ներդրումն ունենա ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդման գործում:

«Ծառուկյան» դաշինքն իր ծրագրում ընդհանրապես չի անդրադարձել զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրներին, իսկ Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքը դիտարկում է զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրների լուծումը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ եղած հակամարտության խաղաղ կարգավորման եւ հաշտության գալու տեսանկյունից։ Այս քաղական ուժի ծրագրում, մասնավորապես, նշվում է, որ հաշտությունը վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը եւ շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը:

Ելնելով վերոնշյալից, կարելի է փաստել, որ ընդհանուր առմամբ ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերը հիմնականում չեն դիտարկել ԶՈՒ հետ կապված հիմնախնդիրները մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կամ իրենց ծրագրերում բավարար տեղ չեն հատկացրել իրավունքի հետ կապված հիմնահարցերին։

 

2. Մարդու իրավունքները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում

«Խաղաղության երկխոսություն» հկ-ի՝ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ եռամսյակային հաշվետվության նախորդ համարում անդրադարձել էինք պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում մարդու իրավունքների խնդիրներին։ Այդ հաշվետվությունից հետո պաշտպանության նախարարությունից ստացված պարզաբանման համաձայն, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանում ՀՀ քրեական օրենսդրության շրջանակներում պահվում են այն զինծառայողները, ովքեր քրեական գործով ձերբակալվել են (մինչեւ 72 ժամ), ում նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրված եւ կալանքի դատապարտված զինծառայողները (15 օրից մինչեւ 3 ամիս)։

Դեռեւս 2010 թ.-ին «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն» (ԽԿԿ) Հայաստան կատարած այցելության վերաբերյալ իր զեկույցի «Ռազմական հիմնարկները» բաժնում Հայաստանի իշխանություններին, մասնավորապես, առաջարկում է, որպեսզի կալանավորված անձինք հնարավորինս արագորեն տեղափոխվեն քրեակատարողական հիմնարկներ, իսկ կալանավորված զինծառայողներին ազատազրկման վայր տեղափոխելուց հետո՝ նրանց հարցաքննությունը ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվի քրեակատարողական հիմնարկներում:

2015 թ.-ին ԽԿԿ-ն Հայաստան կատարած այցելության վերաբերյալ զեկույցի «Ռազմական հիմնարկները» բաժնում իր գոհունակությունն է հայտնել «… զինծառայողների համար նախատեսվող՝ ձերբակալված անձանց պահելու վայրեր անկախ մարմինների կողմից իրականացվող ստուգումների մեխանիզմից»։

Դեռեւս իր 2010թ.-ի զեկույցում ԽԿԿ–ն նշում է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն տրվել է մուտք գործելու այդ վայրեր՝ կոնկրետ մոնիտորինգային ծրագրի շրջանակներում, այնուամենայնիվ, ռազմական ոստիկանությանը նախապես ծանուցում է ուղարկվել իրենց այցերի վերաբերյալ։ ԽԿԿ–ն անհրաժեշտ է համարում շեշտել, որ լիարժեքորեն արդյունավետ լինելու համար մոնիտորինգի խմբերի այցերը պետք է կրեն հաճախակի բնույթ եւ իրականացվեն առանց նախազգուշացումների։

Հիմք ընդունելով ԽԿԿ-ի հանձնարարականները, «ԽԵ»-ն դիմել էր պաշտպանության նախարարություն՝ հայցելով հետեւյալ տեղեկությունները.

  1. Ինչպիսի՞ հայեցակարգ գոյություն ունի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ռազմական հիմնարկներում մոնիտորինգ իրականացնելու համար:
  2. Ի՞նչ գործողություններ են իրականացվել ՀՀ ՊՆ կողմից ԽԿԿ-ի մատնանշած, ռազմական հաստատություններ այցելելու համակարգը զարգացնելու ուղղությամբ:
  3. Ո՞րքանով են հաշվի առնվել ԽԿԿ առաջարկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների` 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման ընթացքում:

2017 թ. փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ «… հաշվի առնելով ԽԿԿ առաջարկությունները, ինչպես նաև առաջնորդվելով ՀՀ օրենսդրության՝ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում դիտորդների կողմից հասարակական վերահսկողության իրականացման պահանջներով հարցը ներառվել է ՀՀ մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների 2017-2019 թթ. ծրագրի նախագծում»։

Սակայն, պատասխանից պարզ չէ, արդյո՞ք գոյություն ունի հայեցակարգ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ռազմական հիմնարկներում մոնիտորինգ իրականացնելու համար, թե՞ ոչ։ Ի՞նչ հիմքով են մինչ այս կազմակերպվել մոնիտորինգային ծրագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունները ՀՀ ՊՆ-ում ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրեր, որոնց մասին վկայում է ԽԿԿ–ի Հայաստան կատարած այցելության վերաբերյալ 2010թ. զեկույցը։

 

3. 2017թ.-ի հունվար-մարտ ամիսներին հայկական բանակում  տեղի ունեցած մահվան դեպքերը

Համեմատաբար երիտասարդ հայկական բանակում արդեն երկար տարիներ շարունակ տիրող իրավիճակը, մարդու իրավունքների, մասնավորապես կյանքի իրավունքի  հարցը մնում է իրավապաշտպաններին անհանգստացնող  հիմնական խնդիրներից մեկը: Իրենց հաշվետվություններում տարբեր անկախ կազմակերպություններ նշում են զինծառայողների շրջանում մահացության բարձր մակարդակի մասին, անհանգստություն են հայտնում պարբերաբար կրկնվող իրավախախտումների, բռնության դեպքերի, ռազմական քննչական մարմինների եւ մի շարք պատասխանատու ռազմական կառույցների անգործության վերաբերյալ:

chart_vol3

Մեծացնել պատկերը

Հայաստանցի իրավապաշտպանների գնահատմամբ` 1994 թվականին կնքված զինադադարից հետո հայկական զինված ուժերում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ, մինչդեռ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհերի թիվը 6000 էր: Այս հարցի շուրջ հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի վերջին հետազոտություններից մեկում, փորձագետ Թ. Հակոբյանը մասնավորապես նշում է. «Իմ նախորդ հրապարակման մեջ ներկայացված թիվը, որ 1994-ի զինադադարից ի վեր Արցախից և Հայաստանից զոհերի ընդհանուր ավելի քան 2.000 է, ամբողջական չէ: Այդ թիվը 2.000-ից զգալիորեն բարձր է: Այդ թվի մեջ մտնում են ինչպես մարտական, այնպես էլ՝ ոչ մարտական կորուստները»:

«ԽԵ»-ին հաջողվել է safesoldiers.am կայքում իմի բերել ու հնարավորինս մանրամասն ներկայացնել շուրջ 980 մահվան դեպքի պատճառների և հանգամանքների մասին ինֆորմացիան:

2017թ.-ի առաջին եռամսյակում մեզ հայտնի է դարձել 16 մահվան դեպքի մասին, նույնքան, որքան գրանցվել էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եռակի ավելի են՝ 8 դեպք։ Գրանցվել է ինքնասպանության և սպանության երկուական դեպք, մեկ դժբախտ պատահար,  երկու դեպք, որի պատճառը եղել է անփութությունը և եւս մեկ դեպք, որի պատճառը մեզ դեռևս հայտնի չէ:

 

4. Շարքային զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի նախաքննության  հետ կապված տեղեկություններ

suren_grigor-300x174

Ըստ պաշտոնական վարկածի՝ 2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի հատկանիշներով:

Ըստ ծնողների՝ անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում կրկնակի սպանության գործով ընթացել է կեղծ, միակողմանի նախաքննություն։ Գրիգոր Ավետիսյանի հայրը՝ Հերմոն Ավետիսյանն ասում է, սկածներ առաջանալու պատճառ դարձել. «Դեպքի օրը երեկոյան ես` տեղեկանալով, որ որդուս դիակը մարտական դիրքերից տեղափոխում են Վարդենիսի հիվանդանոց, մեկնեցի Վարդենիս՝ դիակը դիմավորելու և այն ուղեկցելու նպատակով։ Հիվանդանոցի դիմաց կանգնած՝ նկատեցի «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա: Երբ «Նիվայի» վարորդը՝ ՌՈ սեւ համազգեստով ինձ անհայտ անձը, բացեց ավտոմեքենայի բեռնախցիկը, նկատեցի որ այնտեղ կան ինքնաձիգներ և մոտեցա. բեռնախցիկում լցված էին թվով 5 ինքնաձիգներ՝ առանց փաթեթավորման, առանց կնիքի, բաց վիճակում։ Հայացք նետելով դրանց վրա՝ նկատեցի, որ դրանցից մեկի վրա առկա են հրազենային վնասվածքի հետքեր` խզակոթի շրջանում առկա հրազենային գնդակային միջանցիկ անցք, մետաղական կորպուսի վրա աջ կողմից փականակի վրա նույնպես առկա էր հրազենային վնասվածքի հետք, զենքի այդ հատվածը դեֆորմացված էր։ 

Ես, հաշվի առնելով ստացածս այն տեղեկությունը, որ որդուս սպանել են մի քանի հրազենային կրակոցներով, իսկույն կռահեցի, որ դա հենց որդուս զենքն է և այդ վարկածն ստուգելու նպատակով հարց տվեցի վերոհիշյալ անծանոթ սպային՝ մեքենայի տիրոջը, արդյո՞ք դա որդուս՝ Գրիգորի զենքն է։ Վերջինիս իմ հարցը չզարմացրեց, նա միայն խուսափողական տոնով պատասխանեց, որ չգիտի։

Երբ վերջերս քննիչից ստացա թիվ 16551603 փորձագիտական դատաձգաբանական-դատահետքաբանական փորձագիտական եզրակացությունը, որին կից լուսանկարներում տեսանելի էր որդուս ամրակցված «АКМ» տեսակի, համար ЯЛ-1486 ինքնաձիգը, հայտնաբերեցի, որ նույն վնասվածքները տեսել էի «Նիվայի» բեռնախցիկի մեջ եղած ինքնաձիգի վրա։ Փորձագիտական կենտրոն են ուղարկվել ինքնաձիգները, դրանց մեջ՝ նաև որդուս ամրակցված ЯЛ-1486 համարի ինքնաձիգը, սակայն, ի զարմանս ինձ, փորձագետներին տրամադրել էին ոչ թե այն 5 ինքնաձիգները, որոնք տեսել էի Վարդենիսում, այլ դրանցից միայն չորսը… հինգերորդ ինքնաձիգն անհետացել է»:

Համաձայն քննիչի պաշտոնական գրության՝ կրկնակի սպանություններից երկու օր անց մեղայականով Վարդենիսի ՌՈ է ներկայացել զինծառայող Դավիթ Դումիկյանը և խոստովանել, որ ինքն է սպանել Ավետիսյանին ու Արամյանին: Ավելի ուշ, սակայն, ըստ տուժող կողմի ունեցած տեղեկությունների, Դումիկյանը հրաժարվել է իր «ինքնախոստովանական» ցուցմունքներից՝ հայտնելով, որ դրանք իրենից կորզել է ՌՈ աշխատակիցներից մեկը՝ «բարձրահասակ մի գնդապետ»:

Նախաքննական մարմինը արդեն շուրջ մեկ տարի կալանքի տակ է պահում Դավիթ Դումիկյանին՝ նրան մեղադրելով երկու զինվորների սպանության մեջ:

2017 թ.-ի մարտին, նախաքննական մարմինը նախ բանավոր, ապա գրավոր տեղեկացրեց, տուժողի իրավահաջորդներին, որ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի կրկնակի սպանության գործից մաս է առանձնացվել, որը պետք է ուղարկվի դատաքննության: Ըստ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի՝ այս որոշումն անօրինական է, քանի որ հակասում է քր. դատ. օր.-ի 28-րդ հոդվածի 2-րդ մասի (Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով եւ չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա) պահանջին, համաձայն որի՝ անհրաժեշտ է պահպանել քրեական գործի լրիվությունը և օբյեկտիվությունը: Ըստ էության, նախաքննական մարմինն իր այս որոշմամբ մեկ ընդհանուր հանցագործությունը, որը տեղի է ունեցել միևնույն օրն ու ժամին, միևնույն վայրում, միևնույն խմբի կողմից, ապօրինի կերպով տարանջատում է՝ փորձելով կոծկել երկու զինծառայողների սպանությունների իրական դրդապատճառները և կատարողներին:

Կրկնակի սպանությունից հետո «ներկայացած» Դավիթ Դումիկյանի «ինքնախոստովանական» ցուցմունքները նախաքննական մարմինը կամայականորեն է մեկնաբանում՝ համարելով, որ զինծառայողներից մեկի սպանության մասին նրա ինքնախոստովանությունը ճիշտ է, մյուս զինծառայողի սպանության դեպքում՝ անարժանահավատ։

Նախաքննական մարմինն «ապացուցված» է համարել, որ Գրիգոր Ավետիսյանին սպանել է Դումիկյանը, ապացուցված չի համարել, որ նա սպանել է նաև Սուրեն Արամյանին, այդ իսկ պատճառով անջատել է Գրիգոր Ավետիսյանի սպանության մասը և փորձում է ուղարկել դատարան, չնայած որ Դումիկյանը հրաժարվել իր ինքնախոստովանական ցուցմունքից։

Նախաքննական մարմինը փորձում է «ապացուցել», իբր դեպքի պահին հանգուցյալ Գ. Ավետիսյանը կրակոցներ է արձակել, սակայն որևէ կերպ չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ո՞վ է նրա սպանությունից հետո նրան ամրակցված ինքնաձիգի վրա տեղադրել փամփշտատուփ՝ 30 փամփուշտներով։

Նախաքննական մարմինն ապացուցված է համարել, իբր հանգուցյալ Սուրեն Արամյանին սպանել են, երբ նա նստած է եղել վրանի մեջ, սակայն որևէ կերպ չի բացատրում այն փաստը, որ դեպքի ժամանակ նրա զենքից արձակվել է կրակոց։

Մեր կողմից նշված թիվ 16551603 փորձագիտական եզրակացության հեղինակներ Ա. Համբարձումյանը և Կ. Աբրահամյանը, զննելով Գ. Ավետիսյանի և Ս. Արամյանի հագուստը, դրանց վրա հայտնաբերել են տարբեր մեխանիկական վնասվածքներ, սակայն իրենց եզրակացության «Հետևություններ» բաժնում այս վնասվածքների մասին լռում են:

Տուժող կողմի համոզմամբ՝ այս կեղծիքն արդյունք է փորձագետների և նախաքննական մարմնի հանցավոր համաձայնության, քանի որ վերջինիս կողմից համառորեն մերժվում են հանգուցյալների հագուստը դատահետքաբանական փորձաքննության ուղարկելու տուժող կողմի միջնորդությունները։

Տուժող կողմի միջնորդությունը, որպեսզի օրենքի համաձայն տուժողի իրավահաջորդ Հերմոն Ավետիսյանի «Հաղորդում հանցագործության մասին» գրությունը քննության առնվի ՀՔԾ-ի կողմից, առ այսօր մնում է անպատասխան»։

Նախաքննական մարմնի կողմից կատարվող այս անօրինականությունները թելադրված են «սուր անհրաժեշտությամբ». ապրիլի 6-ին լրանում է Դումիկյանին կալանքի տակ պահելու վերջնաժամկետը։ Քր. դատ. օր-ի 138 հոդվածի համաձայն՝ կալանքի տակ պահվող կասկածյալին մեկ տարուց ավելի կալանքի տակ պահել չի նախատեսվում, եւ Դումիկյանի ազատ արձակմամբ գործը կա՛մ պետք է փլուզվի, կա՛մ ուղարկվի դատարան։

Հավանաբար այս է պատճառը, որ տուժողների իրավահաջորդներին չեն տրամադրվում օրենքով նախատեսված տեղեկությունները, որոշումների պատճեները, որպեսզի միջնորդություններ անելու հնարավորություն չտան, նաեւ բանավոր հայտնվել է, որ 7 հատորանոց գործին ծանոթանալու եւ միջնորդություններ անելու համար մեկ շաբաթ է տրամադրվելու, ինչը ծավալուն գործին ծանոթանալու, առկա հակասությունները վերլուծելու, միջնորդություններ անելու համար ողջամիտ ժամկետ չէ։

 

5. Շարքային զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ

manucharyan-150x150

Ըստ պաշտոնական վարկածի՝ 31.07.2013թ. Քանաքեռում տեղակայված ՀՀ ՊՆ 24923 զորամասի ժամկետային զինծառայող Մանուչար Մերուժանի Մանուչարյանը (ծնված 1994թ., զորակոչված 2012թ. գարնանը՝ Վանաձորի ՏԶԿ-ից), գտնվելով պահակային ծառայության մեջ, թիվ 5-րդ պահակակետում, դիտաշտարակի վրա, ԱԿՍ տեսակի 5.45մմ տրամաչափի ինքնաձիգից երեք կրակոց է արձակել իր ծնոտի շրջանում եւ ստացած վնասվածքներից տեղում մահացել։

Մանուչար Մանուչարյանի (ըստ պաշտոնական վարկածի՝ «ինքնասպանության») գործով տուժող կողմն արդեն շուրջ 9 ամիս սպասում է նոր փորձաքննության արդյունքներին: Դեռևս հայտնի չէ, թե ինչ եզրակացություն կտա նույն փորձագիտական կենտրոնը, որը նաև առաջին փորձաքննությունն էր «հեղինակել»:

Հայաստանում կարգավորված չէ այն ողջամիտ ժամկետը, որը պետք է տրամադրվի փորձագետներին եզրակացություն կազմելու համար, և մեր կարծիքով փորձագետները հաճախ չարաշահում են օրենքի այս բացը, ինչի վառ օրինակն էլ Մանուչար Մանուչարյանի գործն է, որտեղ կողմերն արդեն 9 ամիս սպասում են փորձագիտական եզրակացությանը: Հիշեցնենք, որ առաջին փորձաքննության համար պահանջվել էր ընդամենը 2 ամիս:

 

6. Շարքային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ

hambaryan-150x150

«Խաղաղության երկխոսությունը» շարունակում է ներկայացնել Հարություն Համբարյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում։ Նա, ըստ պաշտոնական տեղեկատվության, 2015թ. մայիսի 8-ին ՊԲ զորամասերից մեկի հրամանատարական կետում իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի ճակատային հատվածում արձակած կրակոցի հետեւանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է։ Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կազմվել է քննչական խումբ։ 

2017թ.-ի առաջին եռամսյակում սույն գործով Սյունիքի առաջին ատյանի դատարանը կայացրեց երկու որոշում:

Տուժող կողմը ներկայացրել էր մի շարք միջնորդություններ, որոնցում բերված փաստարկներն ապացուցում էին, որ գործով կատարվել է միակողմանի քննություն, ինչի արդյունքում դիտավորյալ սպանությունը ներկայացվել է որպես ինքնասպանություն: Նշված միջնորդություններից 14-ի մասով դատարանը որոշում է կայացնում քննության առնելու մասին և բավարարում է նրանցից 12-ը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ԽԵ փորձագետ Ռ. Մարտիրոսյանը գտնում է, որ դատարանը, հիմնականում, կայացրել է օբյեկտիվ որոշում:

Տուժող կողմը նաև բողոք է ներկայացրել, համաձայն որի խնդրել է որոշում կայացնել տուժողին ինքնասպանության հասցնելու փաստով  «քրեական հետապնդում չիրականացնելու մասին» ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի  որոշման հետևանքով տուժողի իրավահաջորդի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու՝ վարույթ իրականացնող մարմնի պարտականության մասին:

Դատարանը քննել է բողոքը և որոշում կայացրել, համաձայն որի բողոքը հիմնավորված է ճանաչել և արձանագրել տուժողի և նրա իրավահաջորդի իրավունքների և ազատությունների խախտումներ, պարտավորեցրել վարույթ իրականցնող մարմնին՝ վերացնել որոշմամբ արձանագրված խախտումները:

Տուժող կողմը պատրաստվում է ներկայացնել ևս մեկ միջնորդություն գործում առկա և իրեն տրամադրված «Ղ տելեկոմի» վերծանման նյութերի հետ կապված, որում, ըստ փորձագետ Ռ. Մարտիրոսյանի, բացակայում են կարևոր մասեր:

 

7. Կասեցումից հանվել է «ԽԵ»-ի հայցը պաշտպանության նախարարության դեմ

2017 թ.-ի մարտին, ՀՀ վարչական դատարանում տեղի ունենավ ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջով «Խաղաղության երկխոսություն» (ԽԵ) հասարակական կազմակերպության հայցի քննությունը:

Հիշեցնենք, որ 2014թ.-ին «ԽԵ»-ն դիմել էր պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել 1994-2014 թվականների ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, մասնավորապես՝ մահացածի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը և կոչումը, տուժողի մահվան պատճառը և համառոտ նկարագրություն դեպքի վերաբերյալ: Հիմնվելով ՀՀ Սահմանադրության՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը երաշխավորող կետի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան նորմերի վրա՝ կազմակերպությունը հայց է ներկայացրել դատարան՝ խնդրելով պարտավորեցնել նախարարին տրամադրել վերոնշյալ դիմումով հայցվող տեղեկատվությունը տեղեկատվությունը:

2015թ.-ի օգոստոսի 8-ին նշված վարույթի շրջանակներում պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հայցի դեմ առարկություններ, որոնցում որպես հայցի մերժման հիմք վկայակոչել է պաշտպանության նախարարի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանը, որի 17–րդ բաժնի 42 եւ 43 կետերի համաձայն.

  1. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ համարվում են գաղտնագրման ենթակա տեղեկություններ,
  2. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի։

«ԽԵ»-ի նախաձեռնությամբ վերոնշյալ հայցի դատական քննությունը ժամանակավորապես կասեցվել էր՝ պաշտպանության նախարարի թիվ 9-Ն հրամանի իրավասությունը վիճարկելու նպատակով:

Այս կապակցությամբ նաեւ հիշեցնենք, որ ՀՀ բոլոր դատական ատյանները սպառելուց հետո, 2016 թ.-ին կազմակերպությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Իսկ ՄԻԵԴ դիմելուց հետո կազմակերպությունը միջնորդություն է ներկայացրել հայցը կասեցումից հանելու վերաբերյալ:

Quarterly-Report-2-212x300«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եռամսյակային հաշվետվությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ (2017թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ)  (pdf, 278 Kb)

 

  • 0

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը