Մանուչար Մանուչարյանի գործով լրացուցիչ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել
Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու (ըստ պաշտոնական վարկածի) գործով հուլիսի 21֊ին կայացած դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը մասամբ բավարարեց պաշտպանական եւ տուժող կողմի համատեղ միջնորդությունը՝ գործով նոր հետմահու դատահոգե-բանական փորձաքննություն կատարելու վերաբերյալ։
Ըստ նախաքննության ընթացքում կատարված նմանատիպ փորձագիտական եզրակացության հեղինակ, փորձագետ Էլդա Գրին֊Աբրահամյանի՝ Մ. Մանուչարյանը «կարող էր» ինքնասպան լինել, նրա ինքնասպանության եւ ամբաստանյալներ Ստեփանյանի ու Գաբոյանի գործողությունների միջեւ առկա է պատճառահետեւանքային կապ։ Այլ կերպ ասած, ամբաստանյալներն, իբր, ճնշել, ծեծել, նվաստացրել են Մ. Մանուչարյանին, ինչի արդյունքում վերջինս ինքնասպան է եղել։ Տուժող կողմը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում հայտարարել էր, նաեւ փաստեր ներկայացնելով, այն մասին, որ Մ. Մանուչարյանին սպանել են եւ, բնականաբար չէր ընդունում «ինքնասպանություն» կեղծ վարկածը։ Տուժող կողմի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քերագետ Ռուբեն Մարտիրոսյանը մշտապես ասում էր, որ գործով կատարված միտումնավոր կեղծ քննության արդյունքում ձերբակալվել են եւ երկու տարուց ավելի անազատության մեջ են պահվում երկու անմեղ զինվորներ։ Տուժող կողմը չէր ընդունում նաեւ էլդա Գրին֊Աբրահամյանի վերոնշյալ եզրակացությունը. «Այս փորձագետը նման հետեւության է եկել ընդամենը մեկ զինվորի՝ Լիբիկ Մկրտչյանի ակնհայտ կեղծ ցուցմունքի հիման վրա», – ասում է Ռուբեն Մարտիրոսյանը։
Համաձայն Լիբիկ Մկրտչյանի՝ դեպքի օրը Մ. Մանուչարյանը գտնվել է ընկճված, հուսահատված վիճակում, քայլում էր գլխահակ։ Փորձագետը բացարձակապես հաշվի չի առել մնացած 6 զինվորների ցուցմունքները, որոնք այդ օրը Մ. Մանուչարյանի հետ մեկտեղ իրականացրել են պահակային ծառայություն եւ իրենց ցուցմունքներում նշում են, որ Մանուչարն ունեցել է նորմալ տրամադրություն, ամենեւին ընկճված չի եղել, իսկ ըստ զինվորներից մեկի՝ անգամ մյուսների հետ միասին կատակել եւ անեկդոտներ է պատմել։
Դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ Լիբիկ Մկրտչյանն ակնհայտ կեղծ ցուցմունք է տվել եւ վերջինս ստիպված եղավ, ըստ էության, հրաժարվել իր նախկին, նախաքննական ցուցմունքների մի մասից։ Դատարանում պարզվել էր նաեւ, որ նախաքննության ընթացքում գործում որպես վկա ներգրավված զինվորներից ցուցմունքներ կորզվել են օրենքի խախտումներով, ճնշման միջոցով. նրանք դատարանում հրաժարվել են իրենց ցուցմունքներից։
Վերը նկարագրվածը հաշվի առնելով՝ պաշտպանական եւ տուժող կողմերը միջնորդել էին դատարանին գործով կատարել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն, սակայն նախագահող դատարորն ամիսներ առաջ մերժել էր կողմերի այդ միջնորդությունը։
Ի վերջո, այս նիստում որոշում կայացվեց կատարել ոչ թե կրկնակի, այլ լրացուցիչ փորձաքննություն։
Կրկնակի փորձաքննությունը նախատեսում է այլ փորձագետի կողմից կատարվող փորձաքննություն, սակայն դատարանը, լրացուցիչ փորձաքննություն նշանակելով, ենթադրում է, որ փորձագետը պետք է իր նախկին փորձաքննությունը լրացնի դատարանում ի հայտ եկած, վերը նշված նոր փաստերով եւ եզրակացություն տա՝ ելնելով դրանցից նաեւ։ Այսպիսով, նախատեսվում է, որ նոր երեւան եկած հանգամանքները հաշվի առնելով, պետք է նոր եզրակացություն տա նույն փորձագետը՝ Էլդա Գրին֊Աբրահամյանը։
Ռ. Մարտիրոսյանը պարզաբանում է, որ այս գործում ստեղծված իրավիճակը եզակի եւ աննախադեպ է. առկա բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ եղել է Մանուչար Մանուչարյանի վրա կատարված նաեւ չորրորդ կրակոցը (ետեւից, ազդոսկրի հատվածում) եւ պնդում է, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է։
Լրացուցիչ փորձաքննության արդյունքում, եթե Էլդա Գրին-Աբրահամյանը նոր երեւան եկած փաստերի ազդեցությամբ փոխի իր եզրակացությունը, ապա ամբաստանյալների նկատմամբ կարող է արդարացման վճիռ կայացվել, իսկ գործը՝ վերադարձվել նախաքննական մարմին, նոր նախաքննություն իրականացնելու նպատակով։
Ավելացվել է 30 July, 2016