Մաքսային, թե՞ Եվրոպական միություն

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքականության, անվտանգության եւ մի շարք այլ հարցերի շուրջ երիտասարդների շրջանում կատարված ուսումնասիրության հիման վրա կատարված երկրորդ վերլուծության թեման Մաքսային կամ Եվրոպական միությանը Հայաստանի ինտեգրման նպատակահարմարությանը, թեր եւ դեմ նկատառումներին է վերաբերվում (առաջինն՝ այստեղ):

Հայաստանի տարբեր մարզեր, համայնքներ ներկայացնող, հարցմանը մասնակից 480 երիտասարդների ձգտումներն եւ սպասումներն այս հարցում կիսվում են (ինֆ․ 1)․ Մաքսային միությանը միանալուն կողմ ձայների թիվը 232 է (48.3 տոկոս), Եվրոպական միության օգտին՝ 206 (42.9 տոկոս): Այս կառույցների վերաբերյալ բավարար տեղեկություններ չունի 32, հարցին դժվարացել է պատասխանել՝ 10 հարցվող:

Առաջին կամ երկրորդ միությանը միանալուն կողմ արտահայտված մասնակցի դրդապատճառների վերաբերյալ հավելյալ հարցեր են նախատեսված եղել․ արդյունքում՝ կարելի է ծանոթանալ հարցմանը մասնակից երիտասարդների կարծիքով Մաքսային կամ Եվրոպական միություններից մեկին միանալու առավելությունների, Հայաստանի համար նպաստավոր եւ աննպաստ պայմանների հետ:

Ստորեւ ներկայացված ինտերակտիվ երկրորդ եւ երրորդ ինֆոգրաֆիկաներից պարզ է դառնում, թե Հայաստանի՝ Մաքսային կամ Եվրոպական միություններից որեւէ մեկին անդամակցելու ցանկություն հայտնած երիտասարդներն ինչ ակնկալիքներ եւ սպասումներ ունեն այդ գործընթացների արդյունքում:

Ըստ այդմ, Մաքսային միության կազմում ներգրավվելու օգտին արտահայտված 232 մասնակցի համար կարեւոր նախապայմաններից է այն, որ միությանն անդամակցելը տնտեսական զարգացման հնարավորություններ կընձեռի: Երկրորդ տեղում գտնվող նկատառումն անվտանգությանն է վերաբերվում:

Հայաստանի ապագան Եվրոպական միությանն ինտեգրվելու հետ կապող հարցման 206 մասնակիցներից 89-ը իր այս ցանկությունը պայմանավորել է այդ միությունում մարդու իրավունքների պաշտպանվածության նկատառմամբ: 62 մասնակցի կարծիքով տնտեսական զարգացում Հայաստանին սպասում է ոչ թե Մաքսային, այլ հենց Եվրոպական միությանն անդամագրվելու դեպքում: Երրորդ տեղում հայտնված նկատառումն անվտանգությանն է վերաբերվում:

Հատկանշական է, որ Եվրոպական միությանը միանալու օգտին արտահայտվածների համար մարդու իրավունքներն առաջին, իսկ Մաքսային միությանը միանալու ցանկություն հայտնած մասնակիցների համար՝ վերջին տեղում է:

Այն, որ հայաստանցիների մեծամասնությունը համաձայն է ՄՄ-ին անդամակցելու դեպքում զրկվել ունեցած ազատությունների մի մասից, պատրաստ է տնտեսական առավելությունների դիմաց զոհաբերել մարդու իրավունքների իրավիճակը, առավել ամրապնդվում է հարցման մեկ այլ հարցին երիտասարդների տված պատասխանների վերլուծությամբ (ինֆ․ 3):

«Ո՞րն է, ըստ ձեզ, Հայաստանի ամենակարեւոր խնդիրը» հարցին պատասխանելու համար հարցման մասնակիցները պետք է ընտրեին պատասխաններից երեքն ու դրանք դասակարգեին ըստ կարեւորության՝ առաջինից երրորդ տեղերում: Արդյունքում, ըստ նրանց, այսօր Հայաստանի առջեւ ծառացած ամենակարեւոր հիմնախնդիրներն այն խնդիրներն են, որոնք կապված են մարդկանց նյութական բարօրության հետ․ գործազրկությունը (կոմուլյատիվ՝ 69.9 տոկոս), աղքատությունը (64.2 տոկոս), արտագաղթը (63.5):

Վերը թվարկված խնդիրներին մրցակցություն չեն կարող պարտադրել անգամ այնպիսի զգայուն թեմաներ, ինչպիսիք են մարդու իրավունքների խախտումները (35.8 տոկոս), պատերազմի վերսկսման հավանականությունը (30.4), ԼՂ հիմնահարցը (29.3), Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը (24.3), կոռուպցիան (23.7), ընտրությունների կեղծումը (23.1), ոչ էլ, առավելեւս, այնպիսի «մանր» խնդիրներ, ինչպիսիք են Հայաստանի շրջափակումը, ՀՀ դիրքերի թուլացումը արտաքին քաղաքականությունում, հանցավորության բարձր մակարդակը, մրցակության բացակայությունն ու  մենաշնորհները, կրթության ցածր մակարդակը, բարոյական արժեքների կորուստը, որակյալ բուժսպասարկման մատչելիությունը եւ այլն:

Թերեւս, բացի սոցիալական խնդիրներից, ամենացավոտ խնդիրը հայ երիտասարդների համար այսօր խաղաղ պայմաններում զինվորների մահացության դեպքերն են. այս խնդիրը կարեւորել է հարցվածների 53.8 տոկոսը:

 

Ինֆ․ 1

 

Ինֆ․ 2

 

Ինֆ․ 3

 

Ինֆ․ 4

 

Այս վերլուծության համար հիմք է հանդիսացել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի 18-25 տարեկան երիտասարդների շրջանում 2014թ. հուլիսին Երևանում և ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք (Երևան, Վանաձոր, Իջևան, Գավառ, Գորիս, Աչաջուր, Սարիգյուղ, Սևքար, Մարգահովիտ, Սարալ, Նորատուս, Գանձակ, Շինուհայր) համայնքներում իրականացված սոցիոլոգիական զանգվածային հետազոտության շտեմարանը: Հետազոտության ընտրանքի ծավալը, ռեսուրսային սահմանափակումներով պայմանավորված, սահմանվել է 480 անձ, որն իրականացվել է քվոտային ընտրանքի սկզբունքով: Հետազոտության շրջանակներում սահմանվել են քվոտաներ ըստ բնակավայրի տիպի (մայրաքաղաք-քաղաք-գյուղ), սեռի, տարիքի և «ուսանող-ոչ ուսանող» հարաբերակցությունների: Հետազոտությունն իրականացվել է «դեմ առ դեմ» հարցման մեթոդով: Ընտրանքային սխալը կազմում է 4,4 տոկոս, հուսալիության աստիճանը՝ 95 տոկոս:

Ուսումնասիրությունը հնարավոր է դարձել «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է PAX կազմակերպության աջակցությամբ: PAX-ը նիդեռլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը