Վարչական դատարանը մերժեց պաշտպանության նախարարի հրամանը մասնակի անվավեր ճանաչելու պահանջը
ՀՀ վարչական դատարանը մարտի 11-ին կայացած նիստում (նախագահող դատավոր՝ Արման Դիլանյան) որոշեց մերժել ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. հուլիսի 9-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42-րդ եւ 43-րդ կետերն անվավեր ճանաչելու «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության պահանջը։
Ըստ դատարանի գնահատման՝ զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաեւ դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները, դրանց արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկություններն ընդգրկված չեն «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում նշված՝ տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումների մեջ։
Միեւնույն ժամանակ, սակայն, հաշվի առնելով այն բնագավառը (ռազմական), որին առնչվում են 42-րդ եւ 43-րդ կետերով նշված տեղեկությունները, այդ տեղեկությունների բնույթը, դատարանը գտել է, որ կոնկրետ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում դրանք կարող են իրենցից ներկայացնել այնպիսի տեղեկություններ, որոնց բացահայտումն օբյեկտիվ իրականության մեջ սպառնալիք կպարունակի Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Վարչական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում։
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը դատարանի եզրահանգումների հետ համաձայն չէ, (օրինակ՝ հիմնավորված չէ, թե ինչպես կարող է վտանգվել ՀՀ անվտանգությունը) եւ պատրաստվում է բողոքարկել վճիռը։
Գործում ներգրավված փաստաբան Մուշեղ Շուշանյանի կարծիքով 09/07/2015թ. թիվ 9-Ն հրամանի (դրա վիճարկվող դրույթների) ընդունմամբ ՀՀ պաշտպանության նախարարը (1) գերազանցել է իր լիազորությունները, այն է՝ … ցանկում ներառել է տեղեկություններ, որոնք նախատեսված չեն Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված՝ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու ենթակա տեղեկությունների սպառիչ ցանկում և (2) դրանով յուրացրել է օրենսդիր իշխանությունը, քանի որ ցանկում ներառելով Օրենքով պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու ենթակա տեղեկությունների սպառիչ ցանկով չնախատեսված տեղեկություններ՝ սահմանել է Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքի սահմանափակման հիմք (ինչը կարող է նախատեսվել միայն օրենքով):
Վարչական դատարանի վճիռն ուսումնասիրելուց հետո Մուշեղ Շուշանյանի եզրահանգումն է, որ նման դատարանն ինքնին սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար. «Դատարանը կայացրել է ոչ թե սոսկ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների պահանջները կոպտորեն խախտող կամ դրանք անտեսող որոշում, այլ կայացված որոշմամբ ուղղակի «բռնաբարվել» է իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքի բուն էությունը: Նման պայմաններում, որևէ հիմք չկա ասելու, որ որոշումը կայացրած դատարանը հանդես է եկել որպես դատարան, քանի որ «դատարան» հասկացության տակ պետք է նկատի ունենալ ոչ միայն դատական իշխանություն իրականացնող մարմինը (ինչպիսին ֆորմալ իմաստով հանդիսանում են նաև տոտալիտար/ավտորիտար պետությունների դատարանները), այլև օրենքով և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով երաշխավորված արդարադատության իրականացման ընթացակարգը, որը, նվազագույնը, պահանջում է, հարգել սեփական պետության Սահմանադրությունը և ապահովել պետական մարմինների և/կամ դրանց պաշտոնատար անձանց կամայականություններից անձանց իրավունքները պաշտպանելու առաքելությունը: Նման դատարանի գոյությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար»:
Կազմակերպության կողմից գործում ներգրավված երկու փաստաբանները՝ Մուշեղ Շուշանյանն ու Արթուր Սուքիասյանը վերաքննիչ հայց կնախապատրաստեն։
Վարչական դատարանի վճիռն ամբողջությամբ կարելի է գտնել կից (PDF, 8 MB)։
Ավելացվել է 12 March, 2016