Զինծառայողի մահվան գործով նախաքննական մարմինը շարունակում է խախտել օրենքը

Ըստ տուժող կողմի՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործը քննող նախաքննական մարմինը շարունակում է խախտել օրենքը. գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան այն դեպքում, երբ տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել նախաքննության ընթացքում իր կողմից նկատած թերությունների վերաբերյալ։

Մայիսի 21-ին տուժող կողմը հրավիրվել է ՔԿ, որտեղ հայտնել են, որ քրեական գործի նախաքննությունն ավարտված է և տրամադրել են գործի նյութերը`  բաղկացած  7 հատորից:

Տուժող կողմը միջնորդել է (քր. դատ օր.-ի 267 հոդվածի 1-ին կետի համաձայն), որպեսզի իրեն տրամադրվի մեկ ամիս ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար, ծանոթանալուց հետո միջնորդություն ներկայացնելու նպատակով եւ մինչ օրս մերժում չի ստացել, սակայն հուլիսի 11-ին նամակով տեղեկացվել է, որ մայիսի 30-ին գործն ուղարկվել է Սյունիքի ընդանուր իրավասության դատարան: Ըստ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանի, ով նաեւ տուժողի շահերի ներկայացուցիչն է այս գործով, նախաքննական մարմինն, այսպիսով, խախտել է ՀՀ քր. դատ. օր.-ի 267 հոդվածի 2-րդ կետը, այն է՝ տուժող կողմին զրկել է միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից:

Հոդված 267. Գործի նյութերին ծանոթանալուց հետո արվող միջնորդությունները

 

  1. Գործի նյութերին ծանոթանալուց հետո քննիչը մեղադրյալից, պաշտպանից, ինչպես նաև տուժողից, քաղաքացիական հայցվորից, քաղաքացիական պատասխանողից և նրանց ներկայացուցիչներից պարզում է, թե նրանք ունեն արդյոք լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք ներկայացվում են մեկօրյա ժամկետում:
  2. Միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որի պատճենը դիմողին է հանձնվում միջնորդություն հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում: Մինչև միջնորդության հարցը լուծելը գործը չի կարող հանձնվել դատախազին:
  3. Այն գործով հարուցված միջնորդությունը բավարարելուց քննիչի հրաժարվելը, որը քննիչը մտադրված է մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազին, կարող է միջնորդությունը բավարարելուց հրաժարվելու մասին որոշման պատճենը դիմողին հանձնելու պահից 2 օրվա ընթացքում բողոքարկվել դատախազին: Մինչև բողոքի լուծումը գործը չի ուղարկվում դատարան:
  4. Հարուցված միջնորդության վերաբերյալ բողոքը դատախազի կողմից մերժելը չի խոչընդոտում դատարանում այդ նույն միջնորդությունը հարուցելուն:

Օրենքի վերոնշյալ կետից հետեւում է, որ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժելու մասին քննիչը պետք է կայացնի պատճառաբանված որոշում, որի պատճենը դիմողին է հանձնվում միջնորդություն հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում եւ մինչև միջնորդության հարցը լուծելը գործը չի կարող հանձնվել դատախազին։

Բացի այդ, գործի նյութերին ծանոթանալիս տուժող կողմը նկատել է, որ գործի նյութերի մի  մասն անընթեռնելի է, ինչպես  նաև պակասում են որոշ էջեր, այսինքն, խախտվել է ՀՀ ևս մեկ օրենք՝ քր. դատ. օր.-ի 266 հոդվածի 1-ին կետը։ Քրեական գործի հետ միասին տուժողին պետք է ներկայացվեին նաեւ քրեական գործի հավելվածներ հանդիսացող թվով 4 լազերային սկավառակները, որոնք, սակայն, հրաժարվել են տրամադրել տուժող կողմին, ինչի կապակցությամբ տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել, սակայն մինչև օրս  պատասխան  չի ստացել:

Ելնելով վերոհիշյալից՝ տուժող կողմը բողոք կներկայացնի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով քրեական գործը վերադարձնել մեղադրողին, ինչպես նաեւ իր իրավունքների ոտնահարման փաստի առթիվ կդիմի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը