2018թ.-ին հայկական բանակում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ՊՆ եւ ԼՂ ՊԲ տարածած հաղորդագրություններից, այլ բաց աղբյուրներից կարողացել է տվյալներ հավաքագրել հայկական զինված ուժերում 2018 թվականի ընթացքում գրանցված մահվան ելքով 45 դեպքի մասին։ Դրանցից 22-ը տեղի է ունեցել ՀՀ, 23-ը՝ ԼՂ տարածքում։

Գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 7, սպանության 2, դժբախտ պատահարների 19, ինքնասպանության 9, անվտանգության կանոնների խախտման 3, առողջական խնդիրների 2 և չպարզված հանգամանքներում գրանցված մահվան 3 դեպք։

Ստորեւ ներկայացված են դեպքերն՝ ըստ մահվան պատճառի։

 

Հրադադարի ռեժիմի խախտում

 

Վաչե Չիլինգարյան (7հունվարի, ԼՂ)

Ըստ Արցախի ՊՆ մամուլի ծառայության, հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Զոհված 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ էր։

 

Հայկ Քալանթարյան (7 փետրվարի, ԼՂ)

2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

 

Գրիգոր Եղոյան (22 փետրվարի, ԼՂ)

Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Նա Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Արծրունի Իգիթյանը նշեց, որ Գրիգորը զորակոչվել էր 2016թ. հուլիսին, 5 ամսից պետք է զորացրվեր, տան կրտսեր զավակն էր. ունի քույր եւ եղբայր: Ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում է, Գրիգորն եկել էր Հայաստան ծառայության մեկնելու համար:

Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 

Նարեկ Հարությունյան (9 ապրիլի, ԼՂ)

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Վահագն Էլոյան (10 հունիսի, ԼՂ )

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Հայկազ Մաթևոսյան (19 սեպտեմբերի, ՀՀ)

19.09.2018թ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Մաթևոսյանը մահացել է:

 

Արցախ Հովսեփյան (22 սեպտեմբերի, ԼՂ)

22.09.2018թ.՝ ժամը 16:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով աջ այտի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա. Հովսեփյանը մահացել է:

Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է  նախաքննություն:

 

Սպանություն

 

Ալեք Կարապետյան (15ապրիլի, ԼՂ)

Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը: Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք: Նախաքննությունը շարունակվում է:

 

Հովհաննես Մելքոնյան (22 հունիսի, ՀՀ)

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից։

ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, վաշտի հրամանատարի տեղակալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ինքնասպանություն

 

Արթուր Գասպարյան (4 մայիսի, ՀՀ )

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան հանգամանքները:

2018թ. մայիսի 4-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանը:

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Լևոն Թորոսյան (6 մայիսի, ՀՀ)

Մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու վարկածով, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ԽԵ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն այս գործով հանդիսանում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Քրեական գործում առկա նյութերի ուսումնասիրությունից հետո տուժող կողմը համոզված է, որ կատարվածն սպանություն է: Գործը քննող արդեն չորրորդ նախաքննական մարմինը, սակայն, շարունակում է գործի քննությունը նույն (տուժող կողմի համոզմամբ՝ անհիմն), ինքնասպանության հասցնելու վարկածով:

Համլետ Գրիգորյան (20 մայիսի, ԼՂ)

Մայիսի 20-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը: ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, 2018թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին / մուտքային/ և գլխի գագաթային /ելքային/ շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

 

Հմայակ Հակոբյան (26 մայիսի, ՀՀ)

Նախնական տվյալներով՝ մայիսի 26֊ին, ժամը 13-ի սահմաններում,  Երեւանում գտնվող զորամասի կապի վաշտի ննջարանում կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: Հայտնաբերվել է նաեւ գրություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Վանիկ Գևորգյան (2 սեպտեմբերի, ԼՂ)

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացել է 1996թ. ծնված զինծառայող Վանիկ Արթուրի Գևորգյանը: Համաձայն պաշտոնական աղբյուրի՝ դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն, նախնական վարկածն է՝  ինքնասպանություն։

22 տարեկան Վանիկ Գևորգյանը, որն արդեն մեկ տարուց ավելի ծառայում էր Արցախի բանակում, սպանվել է Արցախի «Արա լեռ» կոչվող զորամասերից մեկում, խորհրդավոր հանգամանքներում:

Զոհվածի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Մարմինը հայտնաբերվել է սեպտեմբերի երկուսի երեկոյան, կիսաքանդ շինության ներսում: Երիտասարդի վզին պարան է եղել փաթաթած: Խեղդամահ եղածի համար բնորոշ վնասվածքներ են հայտնաբերվել պարանոցին: Նախաքննության մարմինը նախնական վարկած է առաջ քաշել՝ ինքնասպանություն կախվելու միջոցով: Սակայն կախվածի համար անբնական, տարօրինակ դիրքում  է եղել Վանիկի մարմինը՝ ոտքերը գետնին:

 

Կարեն Հովհաննիսյան (29 օգոստոսի, ՀՀ)

2018թ.օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Գևորգ Հարոյան (1 հոկտեմբերի, ԼՂ )

Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծառայակիցների կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը։

Իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ վաշտի հրամանատար կապիտանին մեղադրանք է առաջադրվել`ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կապիտանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Գևորգ Հարոյանի հարազատները, սակայն, պնդում են՝ տեղի է ունեցել սպանություն: Նրանց պնդմամբ` զինվոր Գեւորգ Հարոյանին նախ դաժանաբար ծեծել, հետո՝ սպանել են: Մայրն ասում է` Մարտունիում դատախազությունից ասել են` կրակոցն եղել է 2 մետրից: «Այդ դեպքում ինչպե՞ս կարող էր տղան 2 մետրից կրակել ինքն իրեն եւ մահացու վիրավորում ստանար»,-հարցնում է Արմինե Հարոյանը:

Բացառելով ինքնասպանությունը կամ ինքնավնասումը, Հարոյանները պահանջում են գործի բացահայտում:

 

Արիստակես Ազատյան (6 նոյեմբերի, ԼՂ )

06.11.2018թ., ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Գոռ Սարգսյան (1 դեկտեմբերի, ՀՀ)

2018թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 20:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը: Վերջինս Արարատի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Դժբախտ պատահար

 

Մհեր Զիրոյան  (6 հունվարի, ԼՂ)

Պարգև Սարիբեկյան (6 հունվարի, ՀՀ)

 

Էդգար Երեմյան (15 մարտի, ԼՂ)

Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ:

 

Արմեն Հարությունյան (24 մարտի, ԼՂ)

Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Ռուսլան Մանուկյան (17 ապրիլի, ԼՂ)

Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Նարեկ Ճաղարյան (29 մայիսի, ՀՀ )

Սուրեն Այվազյան (30 մայիսի, ԼՂ )

Արմեն Մինասյան (29 հուլիսի, ՀՀ)

Արմեն Հովակիմյան  (5 օգոստոսի, ԼՂ)

Արտակ Գրիգորյան  (9 օգոստոսի, ՀՀ)

Վազգեն Խաչատրյան (3 սեպտեմբերի, ԼՂ)

 

Հայրապետ Նաիրյան (7 նոյեմբերի, ՀՀ)

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հաղորդել նոյեմբերի 7֊ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի մասին:

Զոհվել է չորս ժամկետային զինծառայող.

Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ,

Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ,

Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ,

Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ։

 

Մ․ Հ․ (27 նոյեմբերի, ՀՀ  )

Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել:

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: նոյեմբերի 28-ին, ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացրելու:

 

Արմեն Բաբայան ( 4 դեկտեմբերի, ՀՀ)

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է տարածել, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող Հայաստանի զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ըստ հաղորդագրության, ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ավելի ուշ պարզվել է ինքնաթիռի վթարի վայրը։ Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Արմեն Բաբայանը եւ մայոր  Մովսես Մանուկյան -ը:

Հայկ Քարամյան (5 դեկտեմբերի, ՀՀ)

Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել հինգ պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում չորս պայմանագրային զինծառայողներին նույն օրը հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, հայտնաբերվել է ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի դին (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Սիսիանի զ/կ):

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

 

Անվտանգության կանոնների խախտում

 

Հովսեփ Գրիգորյան (27 հունվարի, ԼՂ)

2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:

 

Ժորա Պետրոսյան (24 հուլիսի, ՀՀ)

2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության  տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը: Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով` զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Կրակողը՝ Արմեն Ադամյանը, կալանավորված է:

Ծառայողական անփութության վարկածին Պետրոսյանները չեն հավատում և տպավորություն ունեն, որ զորամասի ղեկավարությունը ամեն ինչ անում է դիրքի ավագին պատասխանատվությունից փրկելու համար:

 

Աղասի Մկրտչյան (26 սեպտեմբերի, ԼՂ )

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

Սեպտեմբերի 27-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ասաց, որ զինծառայողը զոհվել է հայրենիքը պաշտպանելիս, իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նրան հետմահու պարգևատրեց «Մարտական ծառայություն» մեդալով։

Մի քանի օրից քննչական կոմիտեն պարզեց, որ ոչ թե հակառակորդն է սպանել սերժանտին, այլ նրա ծառայակիցը: ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

 

Առողջական խնդիրներ

 

Հայկ Հակոբյան  (8 փետրվարի, ԼՂ )

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձեւ) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը, տեղեկացնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Արմեն Աթանեսյան  (29 հունիսի, ԼՂ)

Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Երեք զինծառայողի մահվան պատճառների մասին պաշտոնական հայտարարություն դեռեւս չի հնչել կամ կազմակերպությանն առայժմ չի հաջողվել ճշտել դրանք․

 

Հարություն Խաչատրյան (16 հունվարի, ԼՂ)

Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Ստեփան Ստեփանյան (12 փետրվարի, ՀՀ)

Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող Ս. Ստեփանյանին 2018թ. փետրվարի 1-ից 10-ը հատկացվել է արձակուրդ, որը վերջինս անցկացրել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 2018թ. փետրվարի 10-ին զինծառայողը հորեղբոր ուղեկցությամբ՝ վերջինիս ավտոմեքենայով,  Գառնի գյուղից ուղևորվել է Երևանի Հյուսիսային ավտոկայարան՝ Իջևան մեկնելու և զինծառայության վերադառնալու համար։ Ավտոկայարանի ճանապարհին՝ ժամը 12:30-ի սահմաններում, զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, բայց մեկնելուց չի հրաժարվել։ Նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ս.Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջևանի ԲԿ՝ բուժօգնության: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին՝ ժամը   07:30-ին, Ս. Ստեփանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ, որտեղ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ին, մահացել է:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փետրվարի 22-ին ՀՀ ՔԿ  ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Մարտին Խաչատրյան (22 մայիսի, ՀՀ)

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները:

2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը