Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց զինծառայող Արման Մուրադյանի  գործով առաջին ատյանի դատարանի վճիռը

ՀՀ վերաքննիչ դատարանը երեկ կայացած դատական նիստում մերժեց դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով զինծառայող Արման Մուրադյանի գործով նոր քննություն կատարելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը։

Հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա փետրվարի 14-ին բավարարեց 2013թ․-ին ժամկետային զինծառայության մեջ գտնվելու ընթացքում հրազենային վիրավորման զոհ դարձած Արման Մուրադյանի գործով տուժողի իրավահաջորդի բողոքը՝ պարտավորեցնելով նախաքննական մարմնին վերացնել քրեական գործի հարուցման մերժման մասին որոշումը և նոր քննություն կատարել։

Այս տարվա մարտին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա. Շահբազյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց՝ ստուգման ենթարկելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը։

Մայիսի 21-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ վերաքննիչ բողոքի քննության համար նշանակված երրորդ դատական նիստը՝ դատավոր Ռ. Մխիթարյանի նախագահությամբ։ Դատական նիստի ընթացքում տուժող կողմը կրկին ներկայացրեց Արման Մուրադյան մահվան փաստով հարուցված քրեական գործի քննության ընթացքում քննիչներ Դ․ Իգիթյանի և Ս․ Թամազյանի կողմից նախաքննության ընթացքում թույլ տրված մի շարք խախտումներն ապացուցող հիմնավորումները։ Ըստ տուժող կողմի, անհրաժեշտ էր, որ քննիչն ամբողջապես ուսումնասիրեր գործը՝ ծանոթանալով նաեւ տարիներ առաջ տուժող կողմի ներկայացրած բողոքին, որից բացահայտ է դառնում, որ նախաքննական մարմինը միտումնավոր կերպով դիտավորյալ սպանությունը որակել է որպես ինքնասպանություն, ինչի արդյունքում մարդասպանը/մարդասպանները մինչ այժմ խուսափել են պատժից։ Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի, հնարավոր չէ մեկ դատական նիստի ընթացքում ներկայացնել բոլոր անօրինականությունների և ակնհայտ հանցագործությունների փաստերը, քանզի դրանք բազմաթիվ են և դրա համար մի քանի դատական նիստ կպահանջվի։

Լսելով տուժող կողմի հիմնավորումները և դրանք բավարար համարելով՝ դատարանը մերժեց դատախազության բողոքն ու անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը, այսինքն, պարտավորեցրեց նախաքննական մարմնին վերացնել քրեական գործի հարուցման մերժման մասին որոշումը և կատարել քննություն։

Գործով քննիչ Ս. Ավետիսյանը դատական նիստին չէր ներկայացել, իսկ բողոք բերող դատախազն, այդպես էլ չսպասելով դատարանի կողմից որոշման հրապարակմանը, հեռացավ՝ գիտակցելով, թերեւս, որ այն իր համար բացասական է լինելու։

Տուժողի իրավահաջորդի՝ Արման Մուրադյանի հայր Հովսեփ Մուրադյանի կարծիքով, դատարանի կողմից արդարացի որոշման կայացման վրա իր դրական ազդեցությունը կարող էր թողնել նաեւ նախորդ օրվա՝ մայիսի 20-ի դատարանների մուտքերը փակելու ակցիան։ Ըստ նրա՝  անձամբ մասնակցել է վերաքննիչ դատարանի մուտքը փակելու գործողություններին և համարում է, որ հենց այդ ակցիան էր վերջին դատական նիստին դատավոր Ռ. Մխիթարյանի պահվածքի անակնկալ փոփոխության պատճառը․ եթե նախորդ դատական նիստին դատավոր Մխիթարյանը  ակնհայտ անբարյացակամ վերաբերմունք էր ցուցաբերում և միտված չէր նույնիսկ լսելու տուժող կողմի հիմնավորումները, անգամ դատական նիստերի դահլիճից հեռացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանին, ապա վերջին դատական նիստին նա մինչև վերջ լսեց տուժող կողմին, խորհրդակացական սենյակից էլ ժամանակից շուտ վերադարձավ՝ արդարացի որոշմամբ։

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը