Զինծառայող Արման Մուրադյանի մահվան գործով ՀՔԾ-ում նոր քննություն է սկսվել
«Խաղաղության երկխոսությունը» շարունակում է ներկայացնել 2013թ․-ին ժամկետային զինծառայության մեջ գտնվելու ընթացքում հրազենային վիրավորման զոհ դարձած Արման Մուրադյանի գործով կատարվող քննության մանրամասները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս տարվա մայիսի 21-ին կայացած դատական նիստում ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով զինծառայող Արման Մուրադյանի գործով նոր քննություն կատարելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը։
Արդյունքում, վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա, Արման Մուրադյանի մահվան գործով նոր քննություն կատարելու համար ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ։
Տուժող կողմն անմիջապես միջնորդություն ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործի քննությունը հանձնարարվի այլ քննչական մարմնի, քանզի տուժող կողմը չի վստահում գործը քննող քննիչ Ս. Ավետիսյանին, որը նախկինում հրաժարվել էր քննիչների կողմից կատարված հնարավոր հանցագործության փաստով քրեական գործ հարուցել և դատարանում պնդում էր, որ քննիչների գործողություններում հանցագործության փաստեր առկա չեն։
Տուժող կողմն իր ներկայացրած միջնորդության վերաբերյալ պատասխան դատախազությունից այդպես էլ չստացավ։
Օրերս գործով քննիչ Ս. Ավետիսյանը Արման Մուրադյանի հորը՝ Հովսեփ Մուրադյանին ուղարկած ծանուցագրով հայտնել էր, որ հարուցված նոր քրեական գործով վերջինս հանդիսանում է վկա և իրավունք ունի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալ փաստաբանի հետ միասին։
Տուժող կողմը դիմել է ՀՔԾ պետին՝ Հովսեփ Մուրադյանին նոր հարուցված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդ ներգրավելու պահանջով։
Թարմացում. այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Հովսեփ Մուրադյանը «Խաղաղության երկխոսությանը» հայտնեց, որ գործով քննիչն իրեն հեռախոսով տեղեկացրել է հարուցված գործը կարճելու որոշման մասին։ Վերջինիս կանդրադառնանք այն ստանալուց հետո։
Ավելացվել է 26 September, 2019