ՀՔԾ-ն մերժեց Արման Մուրադյանի մահվան գործի կարճման դեմ տուժող կողմի բողոքը

Ինչպես հայտնել էինք նախորդ հրապարակման մեջ, զինծառայող Արման Մուրադյանի մահվան գործով ՀՔԾ-ում նոր քննություն էր սկսվել։ Հոկտեմբերի 8-ին գործով քննիչը Արման Մուրադյանի հորը՝ Հովսեփ Մուրադյանին, հեռախոսով տեղեկացրել էր հարուցված գործը կարճելու որոշման մասին։ 

Հոկտեմբերի 29-ին, տուժող կողմն ստացավ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՔԾ քննիչ Ս. Ավետիսյանի որոշումը, որը (չնայած այն բանին, որ քննիչն արդեն հոկտեմբերի 8-ին էր հեռախոսով Հ․ Մուրադյանին հայտնել գործի կարճման մասին)՝ թվագրված էր հոկտեմբերի 18-ով։ Տուժող կողմը, ծանոթանալով որոշմանը, օրենքով սահմանված կարգով բողոքարկեց այն ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 18.10.2019թ. որոշումը վերացնելու պահանջով։ Տուժող կողմը նշել էր, որ դատարանի որոշման մեջ մատնանշված հանգամանքների, ինչպես նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ վարույթն իրականացնող քննիչը պատշաճ քննություն չի իրականացրել: 

Դիակի զննության մասին արձանագրության մեջ նկարագրված հագուստների վնասվածքների, փաթեթի կնիքի համարի վերաբերյալ արձանագրված տվյալների միջև անհամապատասխանությունների վերաբերյալ ավագ քննիչի հետևությունները միակողմանի են: Բոլոր անհամապատասխանությունների համար քննիչը փորձել է գտնել ինչ-որ բացատրություններ և այդպիսով ցույց տալ, որ կատարել է դատարանի որոշման պահանջները, սակայն եզրահանգումներ կատարելիս քննիչը բոլոր փաստերը գնահատել է միակողմանի: Իրականացված քննությամբ քննիչը ձեռք չի բերել այնպիսի տվյալներ, որոնք բացառեն առկա անհամապատասխանությունների մեջ դիտավորության հարցը կամ հերքեն հանցագործությունը միտումնավոր թաքցնելու կասկածը: Բացի այդ, նա մի շարք խախտումներ չի դիտարկել գործում առկա մյուս հանգամանքների հետ համադրության մեջ:

Նոյեմբերի 14-ին ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Վ. Պողոսյանի որոշմամբ տուժող կողմի ներկայացրած՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 18.10.2019թ. որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Տուժող կողմը պատրաստվում է վերոնշյալ որոշումը բողոքարկել դատական կարգով։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը