Կայացավ զինծառայող Գրիգոր Ավետիսյանի սպանության գործով վերաքննիչ դատարանի հերթական նիստը

2020 թվականի հուլիսի 06-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ պարտադիր շարքային զինվորական ծառայություն անցնող Գրիգոր Ավետիսյանի սպանության վերաբերյալ թիվ ԳԴ4/0004/01/17 քրեական գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նշված քրեական գործով 2020 թվականի հունվարի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել էր դատավճիռ, որի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել Դավիթ Դումիկյանի պաշտպանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը (Տե’ս «Տուժող կողմը բողոքարկեց Գրիգոր Ավետիսյանի մահվան գործով կայացված դատավճիռը» հոդվածը):
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալի պաշտպանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ներկայացուցիչներ Ռուբեն Մարտիրոսյանի և Արթուր Սուքիասյանի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքները, ինչից հետո բողոքների վերաբերյալ առարկություններ է ներկայացրել դատախազը:
Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2020 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 14:00-ին:
Ավելացվել է 07 July, 2020