Դատարանը մերժեց տուժող եւ պաշտպանական կողմի միջնորդությունները

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Սարգիս Սահակյանի մահվան գործով շարունակվում է դատավարությունը: Ըստ նախաքննական մարմնի՝ Ս. Սահակյանին ինքնասպանության են հասցրել, քան որ նա, իբր, միայնակ է կերել տնից ստացած ուտելիքը, ինչի պատճառով գետնատնակում կայացած անախորժ խոսակցության ընթացքում վիրավորանքներ ստանալու, իրեն նվաստացված զգալու արդյունքում նա ինքնասպան է եղել: Մեղադրյալներ, զինծառայողներ Արտաշես Խաչատրյանն ու Արթուր Միսակյանը մեկ տարուց ավելի կալանքի տակ են գտնվում, չնայած այն բանին, որ մեղադրողի կողմից ներգրավված բոլոր վկաները հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից՝ պնդելով, որ նախաքննական մարմնի կողմից ենթարկվել են բռնությունների, խոշտանգումների, շանտաժի՝ այդ կերպ ստիպված լինելով սուտ ցուցմունք տալ: Հենակետի սպա, ավագ լեյտենանտ Գոռ Մարգարյանը դատարանում հայտարարեց անգամ, որ իր նկատմամբ կիրառված ճնշումների պատճառով ցանկացել է կախվել, մեղադրող Մայիլյանին էլ մեղադրեց, որ իրեն համոզել է պաշտպան չվերցնել՝ խոստանալով, ցուցմունքը չփոխելու դեպքում, «հանել» դատարանից:

Կայացած վերջին լսման ընթացքում դատավոր Ն. Օհանյանը մերժեց (մերժման որոշմանն ու հիմնավորումներին կարելի է ծանոթանալ սույն հոդվածին կցված փաստաթղթերում)* տուժող եւ պաշտպանական կողմի ներկայացրած հետեւյալ միջնորդությունները.

Տուժող կողմի միջնորդություն – 1

Դատաքննական ցուցմունքում, ինչպես նաեւ փաստաբան Մ. Շուշանյանին տված հարցման մեջ գործով վկա Անդրանիկ Մնացականյանը նշում է, որ իրեն մեկ ամսից ավելի ժամանակով պահել են անազատության մեջ Կապանի ՌՈ բաժնի մեկուսարանում: Դրա վերաբերյալ տուժող կողմը հարցում է ուղարկել նշված բաժնի պետին եւ ստացել ժխտողական պատասխան՝ իբր վկա Մնացականյանը իրոք պահվել է, սակայն ոչ թե մեկուսարանում, այլ ընդհանուր զորանոցում:

Ըստ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնող Ռուբեն Մարտիրոսյանի՝ մտածել, որ վկան կեղծ ցուցմունք է տալիս՝ անհեթեթություն է, քանի որ նման դեպքում նրան անհապաղ պետք է քրեական պատասխանատվության ենթարկեին: Ինչ վերաբերվում է ՌՈ բաժնի պատասխանին, ապա այն խիստ «տրամաբանական եւ հասկանալի» է: Եթե ՌՈ ղեկավարները խոստովանեն, որ անձին ապօրինաբար զրկել են ազատությունից, ապա նրանք դրանով իսկ պետք է խոստովանեն իրենց մեղքը քրեական օրենսգրքի 133 հոդվածով: Եթե դրան հավելենք նաեւ այն, որ այս անձինք սույն գործողությունը կատարել են չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը (308 հոդված), ապա հասկանալի կդառնա, որ նրանք իրենց հանցավոր արարքի համար երկար տարիների ազատազրկման կդատապարտվեին:

Միաժամանակ, տուժող կողմը հնարավորություն չունի իր ուժերով ապացուցել, որ վկան իրոք մեկ ամսից ավելի պահվել է անազատության մեջ: Այդ իսկ պատճառով, տուժող կողմը միջնորդել էր դատարանին հունիսի 11-ի դատական նիստում պահանջել, որ դատարան բերվի Գորիսի ՌՈ մեկուսարանի 2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների գրանցման մատյանը՝ այն զննելու նպատակով: Ի դեպ, ՌՈ-ն փորձում է թաքցնել այն ակնհայտ փաստը, որ այս կառույցի բոլոր մասնաճյուղերին կից օրենքի խախտումով գործում են մեկուսարաններ, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձին կարելի է ազատությունից զրկել միմիայն դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ: Մինչդեռ այս կառույցների գոյությունը եւ դրանում տարբեր անձանց տարբեր ժամանակահատվածներով պահելու փաստը էապես հակասում է ՀՀ բարձրագույն օրենքին (ԽԵ-ն ունի փաստեր, որ նման մեկուսարաններ կան ոչ միայն Կապանում, այլեւ Ստեփանակերտում, Բերդում, եւ այլուր):

Այս միջնորդությանն ի պատասխան նախագահողը հայտարարել է, որ Կապանի ՌՈ-ն տվել է սպառիչ պատասխան եւ հիմքեր չի տեսնում մատյանը պահանջելու եւ զննելու համար: Այսինքն` դատարանn ապացուցված է համարում, որ վկային մեկ ամիս չեն պահել Կապանի ՌՈ մեկուսարանում: Նման դեպքում դատավորը պարտավոր էր քրեական գործ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ Անդրանիկ Մնացականյանի դեմ, qանի որ նա սուտ ցուցմունք է տվել եւ ըստ օրենքի նրան պետք էր պատասխանատվության ենթարկել, սակայն դատավորը նման միջնորդությամբ հանդես չեկավ, քանի որ շատ լավ հասկանում է, որ վկան ճշմարտությունն է ասում: Այսինքն, դատավորը, ըստ էության, կոծկում է ոչ միայն այս, այլ նաեւ մի շարք վկաների հանդեպ նախաքննական մարմնի կողմից կատարված քրեորեն պատժելի ծանր հանցանքը:

Տուժող կողմի միջնորդություն – 2

Տուժող կողմը նախաքննության սկզբից մինչ օրս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ս. Սահակյանի իրեղեն ապացույց ճանաչված ինքնաձիգի վրա մատնահետքեր չկան: Չկա նաեւ ինքնաձիգից կրակված պարկուճը: Միջնորդությամբ կատարվեց համալիր փորձաքննություն, որում կենսաբան-փորձագետn իր հետեւություններում նշում է, որ նշված ինքնաձիգի վրա թքի եւ արյան հետքեր եւս չկան (գործով բոլոր փորձաքննություններով ապացուցված է, որ զենքի փողը գտնվել է Ս. Սահակյանի բերանի խոռոչում):

Վերոնշյալ ծանրակշիռ փաստերից ելնելով՝ տուժող կողմը համոզված է, որ իրեղեն ապացույց ինքնաձիգը նախաքննական մարմնի կողմից հանցավոր ճանապարհով փոխված է: Այս համոզմունքն առավել խորանում է ինքնաձիգը փաթեթավորած քննիչի կնիքով դեպքի վայրում կնքված լինելու, իսկ փորձաքննությանը՝ այլ քննիչի կնիքով կնքված ներկայացվելու փաստը: Տուժող կողմը միջնորդել էր, որպեսզի դատարանն այս փաստերը ներկայացնի Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի նշված փաստերի շուրջ կատարվի քննություն, հայտնաբերվեն եւ պատժվեն մեղավորները՝ մեծ ու փոքր պետական պաշտոնյաներ: Այս նույն միջնորդության մեջ տուժող կողմը անդրադառնում էր եւս մեկ հանցանքի. գործով քննիչը որոշում է կայացրել վերծանել հանգուցյալ Ս. Սահակյանի ինտերնետային էջում պարունակվող հաղորդագրությունները: Դատարանը բավարարել է քննիչի այս որոշումը, սակայն այսօր գործից բացակայում են նշված փաստաթղթերը, որոնք, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, պարտակվել են նախաքննական մարմնի կողմից (դատարանի որոշումը պարտադիր է կատարման պետական բոլոր կառավարման մարմինների կողմից):

Բնական է, որ սրանք այնպիսի փաստեր են, որոնց համար եւս նախաքննական մարմինը պետք է ենթարկվեր քր․ պատասխանատվության: Դատավորը այս միջնորդությունը ուղղակի հրաժարվել է քննության առնել՝ պահանջելով, որ տուժող կողմը դա անձամբ ուղարկի ՀՔԾ: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես է նա վճիռ կայացնելու՝ անտեսելով այն կարեւորագույն փաստը, որ սպանության գործիք հանդիսացող զենքը հանցավոր ճանապարհով փոխված է: Ըստ էության, այս իր որոշմամբ դատավորը չարաշահել է իր պաշտոնական դիրքը, քանի որ տուժող կողմի հաղորդումը միջնորդություն է, ինչը նա պարտավոր է քննության առնել:

Պաշտպանական կողմի միջնորդություն – 1

Պաշտպանական կողմն իր հերթին դատարանում հանդես էր եկել միջնորդությամբ. նախաքննական մարմինը ապացուցված է համարել, որ իբր Ս. Սահակյանը տնից ստացել է ծանրոց, քաղցրավենիք: Վերջիններից մեկն իբր (սնիկերսը) կերել է ընկերներից գաղտնի: Ապացուցված է համարել նաեւ այն, որ ներկայում գործով անցնող երկու ամբաստանյալները Ս. Սահակյանի այս արարքը համարել են «չաթլախություն» (այսպես է արձանագրված թե՛ գործի նյութերում, թե՛ դատավորի՝ միջնորդությունը մերժելու որոշման մեջ) եւ այդպես էլ արտահայտվել, ինչից հետո վերջինս, չդիմանալով այս ծանր բարոյական հարվածին, ինքնասպանություն է գործել: Սակայն դատարանում բոլոր վկաները հերքեցին այս փաստը՝ հայտարարելով, որ այն գրել են քննիչի թելադրանքով ու ճնշման տակ: Դրա շուրջ դեռեւս կկատարվի քննություն հավանաբար, սակայն, հենվելով վկաների այս դատաքննական ցուցմունքների վրա, պարզվում է, որ երկու ամբաստանյալ զինծառայողները, վկաներից ուժով կորզված նախաքննական ցուցմունքների հիման վրա, ավելի քան մեկուկես տարի գտնվում են կալանքի տակ՝ չգործած հանցանքի համար: Գործով միաժամանակ կա հետմահու դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն: Վկաների նախաքննական ցուցմունքների վրա հենվելով է փորձագետը եկել եզրակացության, որ ամբաստանյալների գործողությունները պատճառահետեւանքային կապի մեջ են Ս. Սահակյանի ինքնասպանության հետ: Մինչդեռ ներկայումս այլ փաստեր են երեւան գալիս՝ վկաների դատաքննական ցուցմունքները: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին՝ հիմք ընդունելով նշված ցուցմունքները՝ նշանակել նոր հետմահու դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն:

Այս միջնորդությանը ավելացնենք, որ տուժող կողմը սկզբից եւեթ մերժել ու մերժում է «ինքնասպանություն» կեղծ վարկածը եւ, վերը նշված փաստերը ներկայացնելով, պնդում է, որ կատարվածը միանշանակ սպանություն է: Դա ապացուցվեց նաեւ երկու քննիչների դատաքննական ցուցմունքներով. նրանց հարցաքննությունից պարզ դարձավ, որ նախաքննական մարմինը քննության է առել միմիայն «ինքնասպանություն» վարկածը՝ որեւէ քննչական գործողություն չկատարելով սպանության վարկածի շուրջ` ի սկզբանե անհիմն կերպով բացառելով այն:

Փաստորեն, եթե նախագահողը բավարարեր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ քրեական գործը կտապալվեր, մեղադրանքը կփոշիանար, քանի որ բոլոր վկաները հրաժարվել էին իրենց տված նախաքննական ցուցմունքից: Ըստ Ռ. Մարտիրոսյանի՝ իր այս մերժումով դատավորը բացահայտ ցույց տվեց, որ պատվեր է կատարում եւ ճշմարտությունը վերհանելու ցանկություն չունի: Կրկնակի հետմահու դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննությունը միանշանակ պետք է հերքեր նախորդ փորձագիտական եզրակացությունը, թե իբր Սարգիս Սահակյանն ինքնասպան է եղել եւ, որ նրան ինքնասպանության են հասցրել մեղադրվող երկու համածառայակիցները:

Տուժող կողմի միջնորդություն – 3

Կասկածի տակ էր ձգաբան Գասպարյանի եզրակացությունը՝ կապված պղնձի մետաղացման հետ: Դիմել էին կրկնակի փորձաքննություն՝ դատարանը մերժեց, գտնելով, որ Գասպարյանը սպառիչ է պատասխանել: Մյուս դատաբժիշկ Սեւոյանն, ինչպես իր եզրակացությունում, այնպես էլ՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքում հերքում է Գասպարյանի ցուցմունքը (այս մասին մանրամասն կարելի է կարդալ այստեղ): Այս երկուսի եզրակացություններից մեկը կամ մյուսն է ճիշտ. այս նոր երեւան եկած փաստերը հիմք ընդունելով՝ տուժող կողմը միջնորդել է հագուստի նոր դատաձգաբանական փորձաքննություն անցկացնել:

Այս միջնորդության մերժման վերաբերյալ դատարանի որոշման մեկ հատված. «Վերլուծելով ներկայացված միջնորդությունը, լսելով կողմերի կարծիքը, ծանոթանալով գործի նյութերին, դատարանը գտնում է, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սուզաննա Խչեյանի ներկայացրած միջնորդությունը անհիմն է ու ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 344 հոդվածի համաձայն`  եթե նախաքննության ժամանակ կատարվել է փորձաքննություն, դատական քննության ժամանակ կողմերը և դատարանը հետազոտում են փորձագետի եզրակացությունը: Անհրաժեշտության դեպքում փորձագետը հրավիրվում է դատական քննությանը և մասնակցում է փորձաքննության առարկային վերաբերող ապացույցների հետազոտմանը` ամբաստանյալի, տուժողի, վկաների հարցաքննության ժամանակ տալիս է փորձաքննության առարկային վերաբերող հարցեր, մասնակցում է իրեղեն ապացույցների զննմանը և այլ քննչական գործողություններին: Փորձագետի եզրակացությունը հետազոտելուց հետո դատարանն իրավունք ունի կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ նշանակել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն` լսելով դրա վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրի կարծիքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251 հոդվածի 2-րդ մասի համաձայն` կրկնակի փորձաքննությունը կատարվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ճանաչվել է ոչ հավաստի կամ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները: Կրկնակի փորձաքննության կատարումը հանձնարարվում է ուրիշ փորձագետի: Կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետի առջև կարող է դրվել նախկին հետազոտությունների ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության հարցը: Կրկնակի փորձաքննություն կատարելու մասին որոշման մեջ պետք է նշվեն նախկին փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնվելու շարժառիթները:

Սուզաննա Խչեյանը կրկնակի դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը հիմնավորել է այն փաստարկով, որ դատաբժիշկ-փորձագետ Սանասար Սևոյանի և դատաքիմիկ-փորձագետ Աշոտ Գասպարյանի  պարզաբանումները հակասում են իրար:

Փաստորեն, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սուզաննա Խչեյանը չի ներկայացրել որևէ ապացույց, որը հիմնավոր կասկած կառաջացներ, որ դատաձգաբանական  փորձաքննության թիվ թիվ 12-4469, 12-5103, 13-0781 եզրակացությունները հիմնավորված չեն, կամ կասկած են հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված են եզրակացությունները, ճանաչվել են ոչ հավաստի կամ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները»:

Փաստորեն դատավորն, այս մեկնաբանությունը տալով Խչեյանի միջնորդությանը, տալիս է նենգափոխված մեկնաբանություն․ իրականում տուժող կողմը իր միջնորդության մեջ նշել է, որ ոչ թե դատաբժշկի եւ ձգաբանի պարզաբանումներն են հակասում իրար, այլ փորձագիտական եզրակացությունները եւ շատ պարզ հիմնավորել է, ներկայացրել է այդ եզրակացություններում առկա հակասությունները:

Սա առաջին դեպքը չէ, երբ դատավորը նմանօրինակ «անհասկանալի» որոշումներ է կայացնում. մերժումները սկսվել են դեռ փետրվարից, երբ Ռ․ Մարտիրոսյանը ներկայացրեց Անդրանիկ Մնացականյանի եւ Գոռ Մարգարյանի հարցման նյութերը, որոնցում կային նախաքննական մարմնի վերաբերյալ այնքան մեղադրանքներ, որ դրանց հիմքում պետք է քրեական պատասխանատվություն կրեին տասնյակ պետական պաշտոնյաներ:

Ըստ փորձագետի՝ այս ամենից եզրահանգումը միակը կարող է լինել․ «Նախագահողի նման պահվածքը չի զարմացնում ինձ, դա համահունչ է իմ արդեն իսկ արած այն հիմնավոր հայտարարությանը, բանաձեւին, որ Հայաստանում դատավորներ չկան: Հայաստանում դատավոր կոչվածներն ընդամենը կատարում են տարբեր պաշտոնատար անձանց պատվերը, հրամանները: Դեռ 2013թ․-ին եմ ասել, որ Հայաստանի դատարանները վճիռ կայացնելիս պետք է գրեն «Հանուն Սերժ Սարգսյանի, հանուն Հովիկ Աբրահամյանի» եւ այլն, սակայն ոչ երբեք «Հանուն Հայաստանի Հանրապետության», քանի որ նրանց կայացրած վճիռները բացարձակապես որեւէ կապ չունեն օրենքի, արդարադատության հետ: Հիշենք թեկուզ դատավոր մականունով հանցագործ, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին, ով հանցավոր կերպով կոծկեց Արտակ Նազարյանի սպանության գործը, կամ Համլետ Դավթյանին, ով Թորգոմ Սարուխանյանի սպանության գործը կոծկեց, կամ տխրահռչակ Լեռնիկ Աթանյանին՝ մի շարք նման կոծկումների հեղինակ: Կարող ենք հիշել նաեւ վերաքննիչ դատավորներին՝ Կարինե Ղազարյանի գլխավորությամբ եւ մյուսներին: Այս ցանկն անվերջ կարելի է շարունակել, եւ ամենավատն այն է, որ ես չեմ տեսնում, թե ով պետք է, ի վերջո, պատժի օրինախախտ դատավորներին»:

*  Դատաձգաբանական-դատաքիմիականի միջնորդության որոշում  

** Հետմահու հոգեբանական միջնորդության որոշում

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը