Սարգիս Սահակյանի գործով մեղադրողին բացարկ հայտնելու տուժող եւ մեղադրվող կողմերի միջնորդություններն ընդունվեց

2014թ.-ի դեկտեմբերի 18-ին շարունակվեց Սարգիս Սահակյանի սպանության գործով (տուժող և պաշտպանական կողմի բողոքների հիման վրա) քրեական գործը: Հիշեցնենք, որ միակողմանի և կեղծ նախաքննության արդյունքում սպանությունը ներկայացվել էր որպես ինքնասպանություն, դատաքննության ընթացքում բացահայտվել էին նախաքննության և նախաքննական մարմնի և այդ մարմինը հսկող դատախազության կողմից կատարված բազմաթիվ՝ քրեորեն պատժելի հանցագործություններ: Այս ամենը, ներկայացված փաստերը հաշվի չառնելով՝ դատավոր Նապոլեոն Օհանյանը կայացրել էր անհիմն և անօրինական վճիռ՝ ապացուցված համարելով, թե իբր Սարգիս Սահակյանն ինքնասպանություն է գործել և երկու անձի մեղադրել նրան ինքնասպանության հասցնելու մեջ:

Այս նիստի ընթացքում պաշտպանական կողմի փաստաբան տիկին Թորոսյանը բացարկ հայտնեց գործով մեղադրող Գագիկ Մայիլյանին՝ հետևյալ հիմնավորմամբ. 2014թ.-ին մեղադրողներ Մայիլյանի և նրա գործընկեր Աշոտ Գասպարյանի հաղորդման համաձայն հարուցվել է քրեական գործ, այն հիմքով, որ գործով անբաստանբյալ Արթուր Միսակյանի հայրը դատական նիստից հետո սպառնալիք է տեղացել իրենց և իրենց ընտանիքի անդամների հասցեին: Նախաքննական մարմինը ապացուցված է համարել, որ Արա Միսակյանն իրոք սպառնացել է Մայիլյանին և գործն ուղարկել է դատարան: Քանի որ Մայիլյանը տուժող է հանդիսացել և քանի որ Արա Միսակյանի գործողությունները պայմանավորված էին նշված քրեական գործով, ապա Մայիլյանը հանդիսանում է դատաքննության ելքով շահագռգռված անձ եւ չի կարող շարունակել ներկայանալ որպես մեղադրող:

Մեղադրողին բացարկ հայտնեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռ. Մարտիրոսյանը՝ հետևյալ հիմքով. Մայիլյանն սպանության առաջին իսկ օրվանից սույն գործով ընդգրկվել է որպես հսկող դատախազ և այս գործով կատարվել են քրեօրեն պատժելի բազմաթիվ անօրինականություններ այսինքն: Հետեւաբար՝ Մայիլյանը կա՛մ դրսևորել է պաշտոնական անգործություն, կա՛մ այս անօրինականությունները կատարվել են նրա դրդմամբ, հովանավորությամբ: Անօրինականությունները շարունակվել են նաև նախաքննության ավարտից հետո, մինչ դատաքնության սկիզբը․ Մայիլյանն առնվազն 3 անգամ զանգահարել է վկա Գոռ Մարգարյանին, պահանջել, որպեսզի նա դատարանում պնդի նախաքննական իր կեղծ  ցուցմունքը՝ սպառնալով, հակառակ դեպքում, խիստ պատժել:  Որպես վկա գործով ցուցմունք տալու ժամանակ Գոռ Մարգարյանը հայտարարել է, որ իր նախաքննական ցուցմունքերը կեղծ են և գրվել են ճնշման տակ: Դատավորի հայտարարած ընդմիջման ժամանակ մեղադրող Մայիլյանը վկա Մարգարյանին անգամ բռնությամբ մտցրել է դատարանի սենյակներից մեկը և հրամայել, ստիպել, որպեսզի վկան գրավոր բացատրություն տա այդ պահին սենյակում նստած ՌՈ աշխատակիցներին, այն նույն աշխատակիցներին, ովքեր նախաքննության ժամանակ կեղծ ցուցմունք էին կորզել իրենից: Մայիլյանի այս գործողություններն ապօրինի էին միայն այն պարզ պատճառով, որ նա այդ նույն օրը, նույն ժամին ցուցմունք էր տալիս դատարանին․ մեղադրողը լիազորություն չունի դատաքննության ժամանակ ստիպելու, որպեսզի վկան ՌՈ աշխատակիցներին բացատրություն տա: Մաիլյանի գործողությունները քրեորեն պատժելի հանցագործություններ են՝ միտված վկային ահաբեկելուն, լռեցնելուն, ստիպելուն, որպեսզի նա դատարանում տար նախաքննական մարմնի ու դատախազության համար ցանկալի կեղծ ցուցմունքեր:

Դատարանը հիմնավոր համարեց պաշտպանական և տուժող կողմի ներկայացրած բացարկները (մասնավորապես այն, որ մեղադրող Մայիլյանը նախաքննության ընթացքում դրսևորել է անգործություն, դատաքննության ընթացքում կատարել է անօրինականություններ) և ընդունեց բացարկը:

Այս որոշումն ինքնին ենթադրում է, որ դատարանն իր այս որոշման հիման վրա փաստեր պետք է ուղղարկի գլխավոր դատախազին:

«Խաղաղության երկխոսությունն» այսուհետ եւս կհետևի այս դատաքննությանը․ դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 15-ին՝ ժամը 12.00-ին:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը