«ԽԵ» ՀԿ-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (2016 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի հերթական հաշվետվությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ: «ԽԵ»-ն խաղաղության կառուցման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ուղղություններից է հենց զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելը և զինված ուժերում առկա հիմնախնդիրների շուրջ հանրային բանավեճի ծավալումը՝ մասնավորապես, դրանց լուծման առաջարկներ մշակելու, իշխանություններին ներկայացնելու եղանակներով զինված ուժերում առկա հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով:


Սույն հաշվետվությունը ներառում է կազմակերպության ուսումնասիրությունները, դատական գործերն ու դրանց ներկայիս կարգավիճակն՝ ըստ հետեւյալ թեմաների.

  • Մարդու իրավունքները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում,
  • Զինված ուժերում ոչ կանոնակարգային հարաբերությունների արգելման և վերացման համար ձեռնարկվող միջոցներ և ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի արագ, անաչառ և մանրամասն հետաքննություն,
  • Զինծառայության ընթացքում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • Մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան թեմատիկ զեկույցի նախապատրաստում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից,
  • «ԽԵ» հկ-ի փորձագետ Ռ. Մարտիրոսյանին և լրագրող Թ. Ենոքյանին քննչական կոմիտե կանչելու փաստի վերաբերյալ,
  • Շարքային զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատաքննության հետ կապված տեղեկություններ,
  • Շարքային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ,
  • «Խաղաղության երկխոսություն» հկ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության. կազմակերպության դիմումը ՄԻԵԴ։

1. Մարդու իրավունքները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում

ՀՀ-ում մինչեւ հիմա գործում են կայազորային կարգապահական մեկուսարաններ։ Դրանք ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող ազատազրկման վայրեր են, որտեղ զինծառայողները գտնվում են ազատազրկման մեջ՝ որպես հրամանատարի կողմից նշանակված կարգապահական տույժ կամ որպես ազատազրկման վայր` ենթադրյալ իրավախախտ զինծառայողին պահելու համար, մինչ համապատասխան պատկան մարմիներին փոխանցելը: Ըստ «ԽԵ»-ի ռազմական փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանի՝ ՀՀ բոլոր մարզերում կան ռազմական ոստիկանության մեկուսարաններ, որտեղ էլ ՌՈ աշխատակիցները ծեծում են բերման եթարկված զինվորներին, նրանցից կեղծ ցուցմունքներ կորզում: «Բանակում կատարված միտումնավոր սպանություններն այդ կեղծիքների հետևանքով դառնում են ինքնասպանություններ, անզգուշությամբ կատարված կամ հակառակորդի դիպուկահարի գնդակից կատարված սպանություններ։ Կան բազմաթիվ փաստեր՝ Սարգիս Սահակյանի, Թորգոմ Սարուխանյանի, Արտակ Նազարյանի  գործերում, երբ հենց մեկուսարաններում են ճնշումներ գործադրել զինվորների վրա՝ կեղծ ցուցմունքներ ստանալու նպատակով»- նշում է Ռ. Մարտիրոսյանը։

Դեռևս 2014թ.-ից «ԽԵ»-ն անդրադարձել է կայազորային կարգապահական մեկուսարաններում մարդու իրավունքների հիմնախնդիրներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 2014թ հրապարակված «Օմբուդսմենի միջամտության արդյունքում էականորեն բարելավվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների պայմանները» հոդվածում նշվում էր, որ պաշտպանության նախարարությունը` ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի պատերին ամրացված և փակվող երկաթե մահճակալները փոխարինելու և յուրաքանչյուր զինծառայողին օրենքով հասանելիք նվազագույն բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտության մասին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված խնդիրներին պատշաճ լուծում է տվել. տեղադրվել են համապատասխան նմուշի մահճակալներ, ապահովվել է պահանջվող բնակելի տարածքը:

Մինչդեռ, դեռեւս 2011թ.-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարել էր, որ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի ՀՀ օրինագծից հանվել է զինվորին կարգապահական մեկուսարան ուղարկելու մասը»: Նրա խոսքով` տվյալ կարգապահական տույժը վերացնելն օրենքի նախագծի հիմնարար փոփոխություններից է, որը Սահմանադրությանը չէր համապատասխանում, քանի որ ազատազրկումը կարող է լինել միայն դատարանի որոշմամբ: Նոր կարգապահական կանոնադրությամբ, մեկուսարաններում պատիժը կրելու փոխարեն կարգազանց զինծառայողները տույժերը պետք է կրեն կարգապահական գումարտակում:

«ԽԵ»-ն, հղում անելով վերը նշվածին, հարցումներ  էր ուղարկել ՄԻՊ-ին՝ փորձելով պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ ՊՆ կարգապահական մեկուսարանների բարեկարգումը, երբ դրանց առկայությունը հակասում է ՀՀ սահմանադրությանը։ Չէ՞ որ, ըստ ՀՀ Սահմանադրության, անձին կարելի է ազատությունից զրկել միմիայն դատարանի ուժի մեջ մտած դատավճռով։ Հարկ է նշել, որ «Օմբուդսմենի միջամտության արդյունքում էականորեն բարելավվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների պայմանները» նյութի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակը կազմակերպությանն ուղարկել էր որոշակի պարզաբանումներ։ Օրինակ, որ նյութում խոսքը եղել է ո՛չ ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի (ինչպես գրված էր հոդվածում), ո՛չ էլ ձերբակալված եւ դատարանի դատավճռով կալանքի դատապարտված զինծառայողների պահման վայրերի (ինչպես ասվում էր առաջին պարզաբանման մեջ), այլ Կանազի հոսպիտալի «Կարգապահական գումարտակի» եւ ՀՀ ՊՆ Լոռու մարզի կայազորի Վանաձորի բաժնի մեկուսարանների մասին: Սակայն, մինչ օրս բարձրացված հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ «ԽԵ»-ն չի ստացել ո՛չ ՄԻՊ-ից, ո՛չ ՊՆ-ից:

Այնուամենայնիվ, ՀՀ կառավարության դեռևս 2015թ.-ի որոշումները ուսումնասիրելիս պարզ է դառնում որ կառավարության 15.01.2015թ. N 111-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների հիմնավորումների 109-րդ կետի առաջին ենթակետում, մասնավորապես, նշվում է, որ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգում առկա են հստակեցման և փոփոխման վերաբերյալ դրույթներ, որոնք կապված են ձերբակալված և կարգապահական մեկուսարաններում կալանքի ձևով պատժի դատապարտված անձանց պահելու պայմանների հետ: Առկա խնդիրներն արձանագրվել են առօրյա գործունեության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատողների այցելությունների արդյունքում։

Միեւնույն ժամանակ, ՀՀ կառավարության 15.01.2015թ. N 111-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների հիմնավորումների 110-րդ կետի առաջին ենթակետում, մասնավորապես, խոսվում է «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացնելու անհրաժեշտութան մասին: Կառավարության որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Գործող օրենքում կարգավորումներ սահմանված չեն կարգապահական վաշտերում, կարգապահական գումարտակում և կարգապահական մեկուսարաններում ռազմական ոստիկանության գործառույթների վերաբերյալ, միաժամանակ հստակեցված չեն ռազմական ոստիկանության  համակարգում պաշտոն զբաղեցնող ծառայողների գործառնական պարտականությունները, մասնագիտական գործունեությանը և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները, ինչն էական խնդիրներ է առաջացնում ռազմական ոստիկանության գործունեության թափանցիկության, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածության և պաշտպանության պատշաճ ապահովման գործընթացում»:

Կառավարության այս որոշումների կապակցությամբ «ԽԵ»-ն հարցում է ուղարկել ՊՆ՝ պարզելու համար, թե.

  • մինչ այսօր ի՞նչ գործողություններ են կատարվել նախարարության կողմից կառավարության որոշման կատարման ուղղությամբ,
  • ո՞րն է պատճառը, որ 2015 թվականի գործողությունների պլանով ամրագրված այս գործողությունը մինչ հիմա չի իրականացվել,
  • ե՞րբ է ակնկալվում իրականացնել վերը նշված գործողությունը:

Հարցման վերաբերյալ ՊՆ պատասխանում ասվում է, որ, կապված սահմանադրական փոփոխությունների հետ, 2016թ.-ի մարտի կառավարության որոշմամբ օրենքի նախագիծ ներկայացնելու ժամկետ է սահմանվել ՝ մինչև 2017թ.-ի դեկտեմբերի առաջին տասնօրյակը:Մեզ համար դեռեւս պարզ չէ, թե ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը հաստատելը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելը եւ «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելն ինչպես են անդրադառնալու  պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում մարդու իրավունքների իրավիճակի վրա, ուստի այս հարցերի շուրջ նոր տեղեկություններ ստանալուց հետո, մեր հաջորդ հաշվետվություններում, անպայման  կանրադառնանք թեմային:

2. Զինված ուժերում ոչ կանոնակարգային հարաբերությունների արգելման և վերացման համար ձեռնարկվող միջոցներ և ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի արագ, անաչառ և մանրամասն հետաքննություն

rep_16_chart
 

Ըստ 2016թ.-ի ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ «ԽԵ» իրականացրած ուսումնասիրության տվյալների՝ նման դեպքերի թիվը 162 է: Ընդ որում` դեպքերից 80-ը գրանցվել է «քառօրյա պատերազմի» ընթացքում։

Նույն ժամանակահատվածում կազմակերպության կողմից արձանագրվել է 7 սպանության եւ 12 ինքնասպանության դեպք, 28 զինծառայող մահացել է հրադադարի ռեժիմի խախտման, 14` դժբախտ պատահարների, երկուսն` առողջական խնդիրների, 4֊ն` անվտանգության կանոնների խախտման հետևանքով: Մեկ զինծառայող մահացել է չպարզված հանգամանքներում՝ էլեկտրահարման արդյունքում: 13 զինծառայողի և մեկ կամավորի մահվան պատճառների վերաբերյալ դեռևս չի հաջողվել ամբողջական տեղեկություն ստանալ:

Հարկ է նշել նաեւ, որ ներկայացված թվերը հիմնականում հիմնված են պաշտոնական տվյալների վրա, եւ շատ դեպքերում զինծառայողների մահվան իրական պատճառների մասին տեղեկատվությունը հասանելի չէ հանրության համար:

2013 թ.-ից իրականացվող մշտադիտարկման արդյունքում կազմակերպության կողմից արձանագրվել են դեպքեր, երբ պետական մարմինների կողմից մահվան իրական պատճառները խեղաթյուրվում են եւ գործերի քննությունը իրականացվում է սխալ ուղղությամբ: Օրինակը եւս մեկ անգամ հիմնավորում է պետական մարմինների կողմից ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի արագ, անաչառ և մանրամասն հետաքննություն իրականացնելու գործում հանրային վերահսկողության դերի կարեւորությունը:

ՀՀ կառավարության 27.02.2014թ. N 303-Ն որոշմամբ հաստատված՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի 35-րդ կետում, զինված ուժերում արտականոնադրային հարաբերությունների վերացման նպատակով, մինչեւ 2016թ. չորրորդ եռամսյակը սահմանվել է ուժեղացնել զինված ուժերում ոչ կանոնակարգային հարաբերությունների արգելման և վերացման համար ձեռնարկվող միջոցները, ապահովել ոչ կանոնակարգային հարաբերությունների և զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան բոլոր դեպքերի արագ, անաչառ և մանրամասն հետաքննություն: Կառավարության կողմից այս գործողության իրականացման համար պատասխանատու մարմին է նշակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Կառավարության այս որոշման առնչությամբ եւս «ԽԵ»-ն հարցում է ուղարկել ՊՆ, որով կազմակերպությունը հայցել է հետեւյալ տեղեկությունները.

  • ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված վերջաժամկետի դրությամբ ՀՀ զինված ուժերում արտականոնադրային հարաբերությունների վերացմանն ուղղված հատկապես ի՞նչ միջոցառումներ են իրականացվել ՀՀ ՊՆ-ի կողմից,
  • խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հատկապես ի՞նչ միջոցառումներ եւ ի՞նչ վերապատրաստման գործողություններ են իրականացվել եւ ո՞ւմ համար,
  • եթե նման միջոցառումներ իրականացվել են` քանի՞ կառույցի ներկայացուցիչ եւ քանի՞ մարդ է մասնակցել այդ միջոցառումներին, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել միջոցառումների անցկացումից հետո,
  • Խնդրում ենք, հնարավորության դեպքում, տրամադրել զինված ուժերում ոչ կանոնակարգային հարաբերությունների արգելման և վերացման համար ՀՀ ՊՆ կողմից իրականացվող գործողությունների ու միջոցառումների անկացման մասին վկայող պաշտոնական կամ որեւէ այլ աղբյուր կամ տրամադրել միջոցառում անցկացնելու փաստը հավաստող որեւէ պաշտոնական փաստաթուղթ:

ՀՀ ՊՆ-ից ստացված պատասխանում ասվում է, որ իրականցվել է մի շարք միջոցառուկմներ ՌՈ, ԱՀՏԱ (անձնակազմի հետ տարվող աշխատանքերի), ՊՆ-ի աշխատակիցների, ինչպես նաև նախազորակոչային տարիքի դպրոցականների համար՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ: Օրինակ` նշվում է,  որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականցվել են մի շարք միջոցառումներ տարածքային բաժինների անմիջական մասնակցությամբ, հրամանատարների հետ համատեղ անցկացվել են անմիջական հանդիպումներ կարգազանցության հակում ունեցող զինծառայողների հետ, որոնց մասնակցել են  նաև ծնողներ, պատերազմի վետերաններ և այլոք, կազմակերպվել են արտագնա դատական նիստեր. ՌՈ անձնակազմը յուրաքանչյուր ամիս, առնվազն 3 անգամ ծառայություն է իրականացրել մարտական հենակետերում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում՝ զորամասերում  սոցիոլոգների, իրավաբանների և հոգեբանների փորձագիտական խմբերի կողմից անցկացվել են դասընթացներ զորակոչիկների հետ: Կոնկրետ օրինակներով ներկայացվել են զինվորական ծառայություն անցնող նորակոչիկների հոգեվիճակի առանձնահատկությունները, տրվել են վերջինիս արդյունքում հավանական բացասական վարքագծի կանխմանն ուղղված ընդհանուր բնույթի առաջարկություններ:

Մարդու իրավուքների, այդ թվում՝ նաև խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի արգելքի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ուղղված դասըթացների կազմակերպման շրջանակներում, 2014թ.֊ից սկսած, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ անցկացվում են «Մարդու իրավուքները զինված ուժերում» թեմայով դասընթացներ: Ըստ ՊՆ կողմից տրամադրված տեղեկատվության՝ դասընթացին մասնակցել են ՌՈ եւ ԱՀՏԱ ներկայացուցիչներ: Դասընթացի հիմքում ընկած է եղել մարդու իրավունքի առաջին սերնդի ներկայացումն ու տեսագործնական պարապմունքների, ինչպես նաև դատախաղերի անցկացումը՝ կյանքի իրավունքի, արժանապատվության հարգման, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային վերաբերմունքի բացառման ու այլ թեմաներով: Բացի այդ, պատասխանում նշվում է, որ խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի արգելքի վերաբերյալ հարցեր արծարծվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ անցկացվող դասընթացների ժամանակ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կարգապահական վաշտերի անձնակազմը, նորակոչիկները, սպայակազմը, ինչպես նաև նախազորակոչային տարիքի դպրոցականները:

Պատասխանից, սակայն, պարզ չի դառնում, թե զինված ուժերում արտականոնադրային հարաբերությունների կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմքում ինչո՞ւ է ընկած հատկապես հոգեբանական մոտեցումը, եւ ոչ մի շեշտադրում չկա իրավագիտակցության բարձրացման կամ մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանքի ձեւավորման մոտեցումների վրա: Բացի այդ, հասկանալի չէ, թե նշված գործողություններին ընդհանուր առմամբ քանի՞ մարդ է մասնակցել, ի՞նչ արդյունքներ են գրանցվել, ինչպես նաև դեռևս չի հաջողվել ստանալ վերը նկարագրված միջոցառումների անցկացումը հավաստող որևէ ապացույց:

3. Զինծառայության ընթացքում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Նախազորակոչային տարիքի դպրոցականների շրջանում զինծառայության, զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով, ՀՀ կառավարության 27.02.2014թ. N 303-Ն որոշմամբ հաստատված՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի 108-րդ կետում սահմանվել է «Զինծառայության ընթացքում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացում» գործողությունը: Գործողության արդյունքում ակնկալվում է նախազորակոչային տարիքի դպրոցականների շրջանում զինծառայության, զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացում եւ, ըստ անհրաժեշտության, ՆԶՊ առարկայի շրջանակներում զինծառայողների իրավունքների ու պարտականությունների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմաների և դասավանդման մեթոդիկայի վերանայում: Կառավարության որոշման համաձայն՝ գործողության իրականացման պատասխանատու մարմիններ են սահմանվել.

  • ՀՀ պաշտպանության նախարարությունը,
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (համաձայնությամբ),
  • ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։

Գործողության համար վերջնաժամկետ է սահմանվել 2016 թ. երկրորդ եռամսյակը:

«ԽԵ»-ն գրություններով դիմել է վերոնշյալ կառուցներին՝ պարզելու համար, թե.

  • ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված վերջաժամկետի դրությամբ, նախազորակոչային տարիքի դպրոցականների շրջանում զինծառայության, զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ հատկապես ի՞նչ միջոցառումներ են իրականացվել: Ի՞նչ մեթոդաբանության հիման վրա են իրականացվել այդ միջոցառումները նախազորակոչային տարիքի երիտասարդների համար: Խնդրել ենք, հնարավորության դեպքում, տրամադրել այդ միջոցառումների օրակարգը:
  • Քանի՞ կրթական հաստատություն է ներգրավված եղել այս գործողություններում (խնդրել ենք տրամադրել ցանկը), քանի՞ աշակերտ է մասնակցել այդ միջոցառումներին:
  • ՆԶՊ առարկայի շրջանակում զինծառայողների իրավունքների և պարտականությունների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմաների և դասավանդման մեթոդիկայի վերանայման անհրաժեշտություն առաջացե՞լ է, թե՞ ոչ:
  • Եթե ՆԶՊ առարկայի մեթոդիկան վերանայվել է, ապա որտե՞ղ կարելի է ծանոթանալ փոփոխված մեթոդիկայի կամ մեթոդական ձեռնարկի հետ: Ի՞նչ պետական, հասարակական կառույցներ են ներգրավված եղել նորացված մեթոդաբանության մշակման գործում:

ՀՀ ԿԳՆ֊ից եւ ՀՀ ՊՆ-ից ստացված պատասխաններից երևում է, որ զինծառայության, զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները եւս իրականացվում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, և հատկապես «Նախնական զինվորական պատրաստության» (ՆԶՊ) դպրոցական առարկայի շրջանակներում: Պատասխան նամակում մասնավորապես նշված է, որ այս պահին աշխատանքներ են տարվում ՆԶՊ դասագրքի վերանայման ուղղությամբ, որի ավարտը պլանավորված է 2017թ.-ին: Չնայած այն բանին, որ պատասխանում հիշատակվում է ծրագրի արդյունավետությունն ու հաջող ընթացքը, այնուամենայնիվ, պարզ չէ, թե որո՞նք են հաջողության ցուցանիշները, ինչպե՞ս է իրականացվել արդյունավետության գնահատումը: Ո՛չ ՊՆ-ն, ո՛չ ԿԳՆ տվյալներ չեն տրամադրել կազմակերպությանն այն մասին, թե ի՞նչ մեթոդաբանության հիման վրա են իրականացվել այդ միջոցառումները նախազորակոչային տարիքի երիտասարդների համար, չի տրամադրվել նաեւ միջոցառումների օրակարգը: Չեն նշել, թե քանի՞ կրթական հաստատություն է ներգրավված եղել այս գործողություններում, քանի՞ աշակերտ է մասնակցել միջոցառումներին: 

Հավելենք նաեւ, որ այս գլխում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ «ԽԵ»-ն նախապատրաստել է «Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների տարածումը նախազորակոչային երիտասարդների շրջանում» ծրագիրը, որը ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքերի վիճակի բարելավման նպատակ է հետապնդում, մասնավորապես, ապագա զինծառայողների իրավագիտակցության եւ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

4. Մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան թեմատիկ զեկույցի նախապատրաստում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից

ՀՀ կառավարության 27.02.2014թ. N 303-Ն որոշմամբ հաստատված՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի 114-րդ կետում նշված է հետեւյալ գործողությունը. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան թեմատիկ զեկույցի հրապարակում` մինչև ՀՀ ռազմական օմբուդսմենի հիմնադրումը` ըստ ԵԽԽՎ 1742 (2006) հանձնարարականի»: Գործողության վերջնաժամկետ է սահմանվել 2016թ. առաջին եռամսյակը, սակայն ՄԻՊ-ի կողմից վերջնաժամկետում սույն զեկույցը չի հրապարակվել:

Ի պատասխան կազմակերպության հարցմանը, ՄԻՊ Արման Թաթոյանը նշել է, որ, այնուամենայնիվ, 2016թ. ամփոփման արդյունքում պատրաստվում է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին հատուկ զեկույց։

5. «Խաղաղության երկխոսություն» հկ-ի փորձագետ Ռ. Մարտիրոսյանին և լրագրող Թ. Ենոքյանին քննչական կոմիտե կանչելու փաստի վերաբերյալ

2016թ.-ի օգոստոսի 21-ին հայկական Lragir.am լրատվական կայքում հրապարակված «Ինչպես է գործում բանակային մաֆիան» նյութի հրապարակումից հետո, «ԽԵ» փորձագետ Ռ. Մարտիրոսյանը եւ հոդվածի հեղինակը՝ ինտերնետային պարբերականի լրագրող Թ. Ենոքյանը, հեռախոսազանգի միջոցով հրավիրվել են քննչական կոմիտե:

Հարկ է նշել, որ Ռ. Մարտիրոսյանը հրաժարվել է ներկայանալ քննչական կոմիտե՝ ոչ պատշաճ կերպ (հեռախոսազանգի միջոցով) ծանուցվելու պատճառով, իսկ Թ. Ենոքյանը  ներկայանալու պատրաստակամություն է հայտնել, սակայն, միայն պատշաճ ծանուցում ստանալու նախապայմանով:

Քնչական կոմիտե հրավիրվելու փաստի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով «ԽԵ»-ն հարցումներ էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հետեւյալ հարցադրումներով.

  • ի՞նչ նյութեր են նախապատրաստվում Մարտիրոսյանի հարցազրույցի հիման վրա (խնդրվել է տրամադրել նախապատրաստված նյութերի համարը), 
  • ինչո՞ւ Ռ. Մարտիրոսյանին պատշաճ կարգով չեն տեղեկացնում այս գործընթացի մասին,
  • ինչո՞ւ Ռ. Մարտիրոսյանի ունեցած փաստերը չեն հետաքրքրում նյութեր նախապատրաստողներին,
  • ի՞նչ կերպ կարելի է քննիչներին ներկայացնել մեր տրամադրության տակ գտնվող նյութերը,
  • քր. դատ. օր.-ի ո՞ր հոդվածի համաձայն է քննիչին իրավունք տրված հանցագործության մասին հաղորդում տված անձին նյութերի մասին տեղեկացնել կամ ՔԿ հրավիրել հեռախոսազանգի միջոցով։

Դատախազության պատասխան գրությունում ասվում էր, որ ՔԿ-ում  նախապատրաստվել են նյութեր, սակայն, որոշում է կայացվել քր. գործ հարուցելը մերժելու մասին՝ նկատի ունենալով, որ հոդվածում բացակա են փաստեր կոնկրետ հանցագործության վերաբերյալ։ Հաղորդվում էր նաեւ, որ քննիչը Ռ. Մարտիրոսյանին բացատրություններ տալու համար հրավիրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չարգելված՝ հեռախոսազանգի միջոցով:

ՔԿ-ից ստացված գրության մեջ ասվում էր որ Ռ. Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում չի տվել, նյութերը նախապատրաստվել են ոչ թե քաղաքացու, այլ լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:

«ԽԵ» ընթացիկ դատական գործերը և նրանց ներկայիս կարգավիճակը

«Խաղաղության երկխոսությունն» իրականացնում է իրավական աջակցություն այն քաղաքացիներին, ում իրավունքները ոտնահարվել կամ ոտնահարվում են զինվորական ծառայության ընթացքում, աջակցում է հարաբերականորեն խաղաղ պայմաններում զոհված/մահացած զինծառայողների հարազատներին՝ նախաքննության եւ դատաքննության փուլերում հանդես գալով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

6. Շարքային զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ

manucharyan-150x150

Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու (ըստ պաշտոնական վարկածի) գործով 2016 թվականի հուլիսի 21-ին կայացած դատական նիստի  ընթացքում նախագահող դատավորը մասամբ բավարարեց պաշտպանական եւ տուժող կողմի համատեղ միջնորդությունը՝ գործով նոր հետմահու դատահոգեբանական փորձաքննություն կատարելու վերաբերյալ:

Այսպիսով, նախատեսվում է, որ նոր երեւան եկած հանգամանքները հաշվի առնելով, պետք է նոր եզրակացություն տրվի նույն փորձագիտական կազմակերպության կողմից: «ԽԵ» փորձագետը պարզաբանում է, որ այս գործում ստեղծված իրավիճակը եզակի եւ աննախադեպ է. առկա բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ եղել է Մանուչար Մանուչարյանի վրա կատարված նաեւ չորրորդ կրակոցը (ետեւից, ազդոսկրի հատվածում)։ Փորձագետի պնդմամբ՝ կատարվածը ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է։

Լրացուցիչ փորձաքննության արդյունքում, եթե նույն փորձագիտական կազմակերպությունը նոր երեւան եկած փաստերի ազդեցությամբ փոխի իր եզրակացությունը, ապա ամբաստանյալների նկատմամբ կարող է արդարացման վճիռ կայացվել, գործը վերադարձվել նախաքննական մարմին՝ նոր նախաքննություն իրականացնելու նպատակով:

Հարկ է նշել, որ լրացուցիչ փարձաքննությունը շարունակվում է արդեն շուրջ վեց  ամիս: Առաջին փորձաքննությունն իրականացվել էր երկու ամսվա ընթացքում, այն դեպքում, երբ քրգործի նյութերը (7 հատոր) շատ ավելի ծավալուն են քան դատաքննական նյութերը, որոնք դրանք ուսումնասիրելու համար ավելի քիչ ժամանակ պետք է պահանջվեր: Այս գործով դատավարությունն ընթացքի մեջ է, նոր փուլ կմտնի սպասվող փորձաքննության արդյուքներից հետո:

7. Շարքային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ

hambaryan-150x150

Մայիսի 21-ին ձերբակալվել է Դավիթ Հարությունյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով)   եւ 360-րդ հոդվածի 1-ին մասով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից)  Դ. Հարությունյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Դեպքից շուրջ 7 ամիս անց այս գործով տարբեր մեղադրանքներ են առաջադրվել Արթուր Սեւումյանին, Հայկազ Մաթեւոսյանին, Հովհաննես Մելքոնյանին, Սմբատ Հայրապետյանին։ Վերջիններս, ի տարբերություն Դավիթ Հարությունյանի, իրենց լիովին մեղավոր են ճանաչել:

Տուժողի իրավահաջորդը՝ հայրը, համաձայն չէ նախաքննական մարմնի կողմից առաջ քաշված ինքնասպանության վարկածին, գտնում է, որ իր որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է։

Նա դիմել է կազմակերպությանը, որից հետո «ԽԵ» փորձագետն է ներգրավվել գործում եւ նախաքննության ու դատաքննության փուլերում հանդես է գալիս որպես տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ։

Դատաքննության ընթացքում Ռ. Մարտիրոսյանը համապատասխան միջնորդություններ և բողոքներ է ուղարկել պատկան մարմիններին, ներկայացրել է փաստեր, որոնք ապացուցում են, որ նախաքննական մարմինը (մասնավորապես, քննիչ Ն. Ավետիսյանը) առնվազն 3 հանցանք է կատարել գործով.

  • քողարկել է մարդասպանությունը՝ կատարելով կեղծ ու կողմնակալ նախաքննություն,
  • քննիչը քրեական գործից հանել և ոչնչացրել է կարևոր փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ մեկ կամ ավելի անձինք են կատարել սպանությունը, որը ներկայացվում է որպես ինքնասպանություն,
  • տուժող կողմին այս երկու հանցագործությունների դեմ հիմնական բողոքի հնարավորությունից զրկելու նպատակով, հանցավոր ճանապարհով, օրենքի կոպիտ խախտումներով քրեական գործն ուղարկել է դատարան:

Գործով ստացված գրություններում ասվում է, որ կազմակերպության փորձագետի կողմից նշված խախտումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ծառայողական քննություն է իրականացվել քննչական կոմիտեի անվտանգության վարչության կողմից: Ավելի ուշ, սակայն, նույն բաժնի աշխատակիցը տուժող կողմի հետ հեռախոսային զրույցի ընթացքում նշել է, որ քննությունն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հրամանով: Իսկ Օգոստոսի 10-ին անվտանգության վարչության նախագահից ստացված գրությունում նշվում է, որ քննիչի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կարգապահական տույժ:

Այս գործով դատավարությունն ընթացքի մեջ է։ Վերջին եռամսյակում դատական նիստ չի կայացել:

8. «Խաղաղության երկխոսություն» հկ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության. կազմակերպության դիմումը ՄԻԵԴ

european_court_of_human_rights_logo-300x113

2012թ.-ից «ԽԵ»-ն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել հայկական զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ կազմակերպությունն աջակցել է ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերով տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանությանը դատական ատյաններում, զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հանրային իրազեկմանը, մահացության դեպքերի և իրավախախտումների փաստագրմանը, վերլուծմանը, դրանց կանխելու նպատակով առաջարկությունների մշակմանը: Իր «Անվտանգ զինվորներ՝ ապահով Հայաստանին» ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ստեղծել է www.safesoldiers.am տեղեկատվական բազան, որում գրանցված են զինված ուժերում մահվան ելքով 940-ից ավելի դեպքեր: Այս գործունեության շրջանակներում պարզաբանումներ ստանալու նպատակով «ԽԵ»֊ն բազմիցս դիմել է պաշտպանության նախարարությանը տեղեկատվության հարցումներով, որոնք, սակայն, հիմնականում մնացել են անպատասխան կամ մերժվել են տարբեր հիմնավորումներով:

07/11/2014թ.-ին «ԽԵ»-ն դիմել է պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել 1994-2014 թվականների ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, մասնավորապես՝ մահացածի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը և կոչումը, տուժողի մահվան պատճառը և համառոտ նկարագրություն դեպքի վերաբերյալ: Այս դիմումին որևէ պատասխան չի հետևել:

17/01/2015թ.-ին կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան, որով, հիմք ընդունելով 07/11/2014թ.-ի դիմումով հայցվող տեղեկատվությունը օրենքով սահմանված ժամկետում չտրամադրելու փաստը,  պահանջել է պաշտպանության նախարարին ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 189.7 հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության: «ԽԵ»-ն մեկ այլ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ պաշտպանության նախարարության, որում, հիմնվելով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը երաշխավորող Սահմանադրության կետի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան նորմերի վրա, խնդրել է պարտավորեցնել տրամադրել 07/11/2014թ.-ի իր դիմումով հայցվող տեղեկատվությունը:

12/08/2015թ.-ին նշված երկրորդ վարույթի շրջանակում պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հայցի դեմ առարկություններ, որոնցում որպես հայցի մերժման հիմք վկայակոչել է պաշտպանության նախարարի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանի 42-րդ կետը:

Կազմակերպությունը դիմել է պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել թիվ 9-Ն հրամանի հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերի, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը կազմելու հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերի պատճեները: Սակայն ՊՆ-ն պատասխանել է, որ թիվ 9-Ն հրամանի կազմման ընթացքում պաշտպանության նախարարությունում ներքին գրագրությունն իրականացվել է գաղտնի և այդ փաստաթղթերի պատճեները տրամադրման ենթակա չեն:

Կազմակերպությունը դիմում է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պաշտպանության նախարարի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանով հաստատված ցանկի 42 և 43 կետերը, քանի որ դրանք հակասում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածին, որով սահմանված է պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու ենթակա տեղեկությունների սպառիչ ցանկը, որոնցում ներառված չեն վիճարկվող 42 և 43 կետերում նշված գաղտնագրման ենթակա տեղեկությունները, գաղտնագրումն իրականացվել է գաղտնագրման սկզբունքների՝ օրինականության, հիմնավորվածության և ժամանակին կատարելու սկզբունքների խախտմամբ, Սահմանադրության 27 և ՄԻԵԿ 10 հոդվածով երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքի սահմանափակումը չի կատարվել օրենքով, այն չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, ինչպես նաև այդպիսի սահմանափակումը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում: Հարկ է նշել, որ թիվ 9-Ն հրամանի հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերի, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը կազմելու հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերի պատճեների պահանջով միջնորդությունը մերժվել է դատարանի կողմից:

ՀՀ բոլոր դատական ատյանները սպառելուց հետո, որպես կազմակերպության ներկայացուցիչ ներգրավված փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի եւ Արթուր Սուքիասյանի մասնակցությամբ, կազմակերպությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Կազմակերպությունը հայտարարել է, որ նշված տեղեկություններն ստանալու իր իրավունքին միջամտությունը չի եղել օրենքով նախատեսված և չի իրականացվել օրենքի հիման վրա, քանի որ նշված տեղեկությունների նկատմամբ մատչելիությունը սահմանափակվել է պաշտպանության նախարարի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանով, որի հավելված 1-ի 42 և 43 կետերով գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ներառվել են տեղեկություններ, որոնք օրենքով չեն դասվում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն ենթակա տեղեկությունների շարքին: 

Կազմակերպությունը գտնում է նաև, որ միջամտությունը չի հետապնդել իրավաչափ նպատակ՝ ուղղված չի եղել պետական անվտանգության պաշտպանությանը, և ազգային դատարանների հետևությունն առ այն, որ պաշտպանության նախարարի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42 և 43 կետերում նշված տեղեկությունների բացահայտումն սպառնալիք կպարունակի Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, զուտ վերացական մտահանգում է, քանի որ չի հիմնավորվել այդ տեղեկությունների բացահայտմամբ պետական անվտանգության համար իրական սպառնալիքի առաջացման վտանգը: Կազմակերպությունը պնդում է, որ պետական անվտանգության շահերին անորոշ և վերացական սպառնալիքի վկայակոչումը նպատակ է ունեցել  հանրային շահի պաշտպանության քողի ներքո արդարացնելու ոչ միայն տեղեկությունները ստանալու իր իրավունքի սահմանափակումը, այլև զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի, դրանց պատճառների վերաբերյալ պատշաճ կերպով իրազեկված լինելու զոհերի հարազատների և ողջ հանրության իրավունքը, խոչընդոտելով նաև հանրային քննարկման ծավալմանը՝ զինված ուժերում մահացության դեպքերի, դրանց պատճառների բացահայտման, իրավախախտումների վերլուծման և դրանց կանխելուն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով:

«ԽԵ»-ն գտնում է նաև, որ միջամտությունն անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում, քանի որ վերացական և աներևույթ սպառնալիքից պետական անվտանգության պաշտպանության նպատակով զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ մատչելիությունը կանխելու հետևանքով խոչընդոտվել է հանրային հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդրի վերաբերյալ հանրային բանավեճի ծավալումը կամ էապես սահմանափակվել է դրա ծավալման հնարավորությունը: Ուստի կամակերպությունը զրկվել է «հանրային վերահսկիչի» իր կարգավիճակից բխող գործառույթն իրականացնելու՝ հանրությանը ճշգրիտ և արժանահավատ տեղեկատվություն տրամադրելու և հանրային բանավեճի հարթակ նախաձեռնելու հնարավորությունից:

Հասարակական կազմակերպությունը պնդում է նաև, որ ի խախտումն ՄԻԵԿ 6(1) հոդվածի՝ պաշտպանության նախարարի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42 և 43 կետերի վիճարկման գործի քննության ընթացքում մերժելով ապացույց պահանջելու վերաբերյալ իր միջնորդությունը՝ վարչական դատարանը զրկել է հրամանի իրավաչափության վիճարկման համար կարևոր՝ իրականացված գաղտնագրման հիմնավորվածության և ժամանակին կատարելու սկզբունքների խախտման փաստը հիմնավորելու նպատակով իր դիրքորոշումը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստական տվյալներ ձեռք բերելու, հետևաբար՝ նաև իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից, էապես նվազ բարենպաստ վիճակի մեջ դնելով հակառակ կողմի համեմատ, ով տիրապատել է չտրամադրված փաստաթղթերին և տեղեկատվությանը:

Գործի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի հաջորդ զեկույցներում:

newsletter-724x1024

Ներբեռնել pdf տարբերակով. «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եռամսյակային հաշվետվությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ (2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր) (pdf, 1.2 Mb)

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը